Ուզում է ապրել հիվանդանոցում
Երեկ խմբագրություն էր զանգահարել Վարդաշեն 6-րդ փողոցի բնակչուհի, միայնակ թոշակառու Ռոզա Խաչատրյանը՝ ահազանգելով, որ թեև ինքն առողջական ծանր վիճակում է, այդուհանդերձ, իրեն չեն ընդունում հիվանդանոց: «Խեղդվում եմ, շատ վատ եմ, ամբողջ գիշեր շնչահեղձ եմ եղել, հարևաններս մի կերպ ուշքի են բերել: Շտապօգնություն կանչեցին, բերել են հիվանդանոց, բայց չեն ընդունում»,- բողոքում էր Ռ. Խաչատրյանը։
Վերջինս պատմեց, որ թեև շտապօգնության մեքենան իրեն հասցրել է հիվանդանոց, այդուհանդերձ, հիվանդանոցից դուրս են արել, և ինքը սայլակով դրսում սպասում է: Ռ. Խաչատրյանը մի քանի անգամ կաթված ստացած, ինչպես նաև` հիպերտոնիայով հիվանդ կին է, ով ամենօրյա դեղորայքով է ապրում: Մենք կապվեցինք Էրեբունի հիվանդանոց՝ հասկանալու համար, թե ի՞նչ է տեղի ունեցել:
«Նա օրեր առաջ է դուրս գրվել հիվանդանոցից և պարբերաբար մեզ մոտ բուժում է ստանում: Բանն այն է, որ այդ կինը շատ վատ վիճակում է ապրում, չի կարողանում տունը տաքացնել, մրսում է, և ուզում է հիվանդանոցում մնալ: Մենք չենք կարող թույլ տալ, որ նա «ապրի» այստեղ: Կրկնում եմ՝ միայն վերջերս է դուրս գրվել հիվանդանոցից և երկարատև բուժում է ստացել:
Պարզապես նա հնարավորություն չունի տունը տաքացնելու, մրսում-վատանում է: Այսօր բժիշկները նորից բուժզննման են ենթարկել, և պառկեցնելու կարիք չի եղել, նման ցուցում չկա: Դեղորայքը նշանակել են, որ տան պայմաններում մշտապես խմի, որովհետև քրոնիկ հիվանդ է: Այս պահին նրան ընդամենը մի բան է անհրաժեշտ՝ տաք ջերմաստիճան»,- ասաց «Էրեբունի» բուժկենտրոնի մամուլի պատասխանատու Շուշան Հունանյանը:
Ռ. Խաչատրյանն իսկապես սոցիալապես ծանր վիճակում է ապրում և էլեկտրաէներգիայի խնայողության պատճառով նախընտրում է «ցրտահարվել», քան հոսանքի համար պարտքեր կուտակել և ամիսներով անլույս ապրել: Անցյալ ձմեռ նա մի քանի ամիս մոմի լույսով ու ցուրտ սենյակում էր ապրում, որի պատճառով կրկին հիվանդանոցում էր հայտնվել: Այնուամենայնիվ, մենք տեղեկացանք, որ Ռ. Խաչատրյանին ընդունել են հիվանդանոց, և առայժմ նրան կպահեն բուժհիմնարկում, թեև դրա կարիքը չկար: Բանն այն է, որ բժիշկները հասկանալով նրա վիճակը՝ պարզապես խղճացել են, քանի որ միայնակ թոշակառուն ընդամենը տաք տեղ է փնտրում: «Նա իսկապես մրսում է, վատ պայմաններում է ապրում և վախենում է ցրտից: Մենք նրան ևս մի քանի օր կպահենք, կխնամենք, բայց, հավատացեք, որ այս կնոջն ուղղակի տաքություն և խնամք է պետք»,- ասաց Շ. Հունանյանը: Ռ. Խաչատրյանն արդեն երեք ձմեռ զանգահարում է խմբագրություն և խնդրում է իրեն որևէ հիվանդանոցում «տեղավորել»:
«168 ԺԱՄ»