Պուտինը կոչ է արել ԵԱՏՄ-ում կլիմայական տվյալների բանկ ստեղծել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) ստեղծել կլիմայական տվյալների եւ թվային նախաձեռնությունների, այդ թվում՝ ածխածնային հետքին վերաբերող բանկ։
«Առաջարկում ենք մտածել այն բանի մասին, որպեսզի Միությունում ձեւավորվի կլիմայական տվյալների եւ թվային նախաձեռնությունների, այդ թվում՝ ածխածնային հետքի հաշվառմանը վերաբերող բանկ: Այդ բանկից կկարողանային օգտվել մեր մասնակից երկրների այն բոլոր ընկերությունները, որոնք աշխատում են բնապահպանական իրադրության բարելավմանը նպատակամիտված նախագծերի վրա»,-ասել է նա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ընթացքում, որն անցկացվում է տեսակոնֆերանսի ձեւաչափով:
Պուտինը նշել է, որ ԵԱՏՄ-ի բոլոր երկրները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում «կանաչ» տեխնոլոգիաների մշակման եւ ներդրման նկատմամբ, սեփական ինովացիոն նախագծեր իրականացնում այդ ոլորտում:
«Բայց, իհարկե, չի կարելի թույլ տալ, որ այդ թեման օգտագործվի որպես ինչ-որ սահմանափակումների եւս մեկ գործիք»,-ընդգծել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: