«Այո՝ ակնկալում ենք, որ մեր դաշնակիցներն աջակցելու են մեզ». Ռուբեն Ռուբինյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակով պայմանավորված՝ ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանի Դաշնությանը դիմելուն և հնարավոր սպասելիքներին։

Նրա խոսքով՝ կան մեխանիզմներ, որոնք գործարկված են։

«Այո, այդ գործընթացները տեղի չեն ունենում այն արագությամբ, որ մենք կուզեինք տեսնել, բայց Հայաստանը փոխկապակցված է միջազգային և դաշնակցային պարտավորություններով։ Այո, մենք ակնկալում ենք, որ մեր դաշնակիցներն աջակցելու են մեզ։ Բայց կրկնում եմ՝ կա գործընթաց, այսինքն՝ գործընթացը մեկնարկած է»,- նշեց Ռուբեն Ռուբինյանը։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

Տեսանյութեր

Լրահոս