Իրադրությունը շարունակում է մնալ լարված. 500-600 ադրբեջանցի գտնվում է ՀՀ տարածքում. Նիկոլ Փաշինյան

Այսօրվա կառավարության նիստում, մինչև նիստի օրակարգին անցնելը, Նիկոլ Փաշինյանը խոսեց մայիսի 12-ից ՀՀ պետական սահմաններում հայտնված ադրբեջանցիների, «հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և այդ կապակցությամբ Հայաստանի ներսում տիրող իրավիճակի մասին»:

«Կարող եմ արձանագրել, որ օպերատիվ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արդեն բոլորիս հայտնի հատվածներում՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում փոփոխություն չի կրել այն առումով, որ իրադրությունը, իհարկե, շարունակում է մնալ լարված այն արձանագրումով, որ դեռևս բավական թվով ադրբեջանցի զինվորականներ գտնվում են ՀՀ տարածքում: Մոտավորապես 500-600 հոգի, տարբեր հատվածներում:

Մեր զինված ուժերի գործողությունների տրամաբանությունը հետևյալն է՝ մարտավարական գործողություններով սահմանափակել ադրբեջանցիների գործողությունների պոտենցիալը:

Քաղաքական առումով մեր խնդիրը հետևյալն է: Առաջինը, թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, այսինքն՝ մաքսիմալը անել պատերազմական կամ ռազմական բախման որևէ սցենար բացառելու համար, և երկրորդը՝ հասնել նրան, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը»,- նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վերջինիս խոսքով՝ այդ առումով արվել և ավում է ահռելի դիվանագիտական աշխատանք, և ըստ նրա՝ դրա վկայությունն է այն, որ կառավարության այսօրվա նիստում ԱԳՆ տեղը թափուր է:

«Պիտի արձանագրեմ, որ այս պահի դրությամբ դիվանագիտական կատարված աշխատանքը համարում եմ արդյունավետ, ընդ որում՝ ուզում եմ ընդգծել, որ ոչ միայն ԱԳՆ մեր գործընկերներն են աշխատանք տանում այդ ուղղությամբ, այլև ՊՆ-ն նույնպես դիվանագիտական աշխատանքներ է տանում, մեր փոխվարչապետերը նույնպես դիվանագիտական աշխատանք են տանում: Համարում եմ հաջողված՝ ինչու, որովհետև մեր ըստ էության մեր միջազգային գործընկերների և ՀՀ դիրքորոշումները նույնական են: Այն է՝ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը»,- նշեց Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս