Երշիկ արտադրող ընկերությունը «չուզենալով է խախտում արել»

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր հրապարակել է երշիկ արտադրող անբարեխիղճ ընկերությունների ցանկը: 168.am-ը փորձեց օրինախախտ ընկերություններից պարզել արձանագրված խախտումների պատճառները:

ՏՄՊՊՀ-ի  ներկայացրած ցուցակում ընդգրկված «Ա-Բիլյան», «Առ Դելիկատես», «Բաբիկ 90», «Էրեբունի աստղ», «Հայր և որդի Գալստյաններ» ընկերություններից մեզ հայտնեցին, որ հարցերին իրավասու են պատասխանել միայն ընկերությունների տնօրենները, իսկ նրանք կա՛մ տեղում չէին, կա՛մ էլ առհասարակ բացակայում էին քաղաքից:

«Արտյոմ և Հրայր եղբայրներ» մսամթերքի արտադրական ձեռնարկությունից 168.am-ի հետ զրույցում ասացին, որ ձեռնարկությունն, արդեն մեկ ամիս է, չի աշխատում, և, որ իրենք «չուզենալով են խախտում արել»:

«Այն ժամանակ խախտումներ հայտնաբերվել են, ամեն ինչ չի, որ տպագրական սխալ լինելու դեպքում չենք գրել: Ճիշտն ասած, ասենք` տարվա մեջ եթե երկու անգամ տեխնոլոգիան փոփոխության է ենթարկվում, հզոր ցեխերը կարողանում են իրենց թաղանթները նորից դիզայնեն, փոխեն, բաղադրությունը փոխեն, իսկ փոքր արտադրողները չեն կարողանում: Տարվա մեջ երկու անգամ այդ թաղանթի փոխելն այնքան արժի, որ մենք այդքան եկամուտ չունենք: Փոքր ընկերությունները չեն հասցնում դա անել: Հիմնական պատճառը սա է, որ չուզենալով խախտում ենք արել»,- ասաց Հրայր Գուլոյանը:

Կարդացեք նաև

Նշենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ստուգումների արդյունքում պարզել էր, որ երշիկի պատրաստման ընթացքում օգտագործվող իրական բաղադրիչները փաթեթավորման վրա նշված չեն:

Ուսումնասիրված գրեթե բոլոր դեպքերում վաճառքի հանված երշիկեղենի վրա նշվում է, որ պատրաստման ընթացքում օգտագործվել է տավարի և խոզի բարձրորակ միս: Մինչդեռ, հանձնաժողովը բացահայտել է, որ արտադրական պրոցեսում քաշի ավելացման, ախորժելի գույնի, կպչունություն ապահովելու և այլ նկատառումներով օգտագործվում են մեծաքանակ հավելանյութեր՝ սոյա, օսլա, սպիտակաձավար (манная крупа), ալյուր, նիտրիտ, ֆոսֆատ և այլն, ինչի մասին սպառողը տեղյակ չէ:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նաև հայտնաբերել էր, որ երշիկների որոշ տեսակների մեջ մսի մասնաբաժինը կազմում է ընդամենը 16 տոկոս, իսկ տավարի կամ խոզի մսին հիմնականում փոխարինում է գոմեշի ներկրված միսը: Այս մասին «Արտյոմ և Հրայր եղբայրներ»  ձեռնարկությունից մեզ ասացին, որ նման խախտումներ իրենք չեն արել. «Նման բան չի եղել: Մսի քանակը տարբերվում է՝ ըստ երշիկի տեսակի, մոտավորապես կազմում է 60 տոկոս: Նման բան կարող է լինել այլ արտադրամասերում: Նոր տեխնոլոգիաներ կան, որոնցով կարող են դա անել, բայց մեր սարքավորումներն այն հզորության չեն, որ կարողանանք մսի պարունակությունը այդ աստիճանի իջեցնել»:


Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս