«Երկիր ենք կորցնում, ժողովուրդ, ադրբեջանցիները մեր տուն են մտնում, որևէ մեկը չի դիմադրում». Թագուհի Թովմասյան
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի խոսքով՝ իրեն հաճախ են մեղադրում, թե ինչու 27 տարի չէր բարձրաձայնում սահմանային իրավիճակի, դիրքերը չկահավորելու մասին՝ մոռանալով, որ Վարդենիսի ներկայիս սահմանները ձևավորվել են նոյեմբերի 9-ից հետո, երբ առանց կրակոցի հանձնեցին Քարվաճառը։
«Դիրքավորվել են այնտեղ, որտեղ հարմար է եղել և որտեղ թելադրել է Ադրբեջանի GPS-ը։ Հիմա ի՞նչ է ստացվում՝ մենք նոր առաջնագիծ ունենք, ու էլի նախկիննե՞րն են մեղավոր, ես արդեն հոգնել եմ այս ձևակերպումից։ Ես խնդրում եմ, թող ասեն այն սահմանագիծը, թե որտեղից է ավարտվում մեղքը նախկինների վրա բարդելը, որ մենք դրանից հետո գոնե խոսենք։ Ես գիտեմ՝ նախկինների օրոք ինչ է եղել, ես նրանց օրոք խոսել եմ, իմ լրագրողական գործունեության տարիներին միշտ բարձրաձայնել եմ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Թագուհի Թովմասյանը։
Ըստ նրա, Հայաստանը՝ ի դեմս Քարվաճառի, ունեցել է մեծ անվտանգության գոտի, որն այսօր կորսվել է, այդ պատճառով էլ թշնամուն այդքան մոտ են հայկական դիրքերը։
Նրա կարծիքով՝ Հայաստանը վաղուց պետք է ռազմական դրություն հայտարարեր, որովհետև այն օրերին, երբ ՀՀ սահմանների նկատմամբ որևէ ոտնձգություն չկար, երկրում ռազմական դրություն էր, որպեսզի Նիկոլ Փաշինյանը պահպաներ վարչապետի աթոռը։
«Հիմա ստացվում է, որ ՀՀ սահմանային անվտանգությունը վտանգված է, մեր սուվերեն պետության նկատմամբ իրականացվել է ոտնձգություն, ու մենք ռազմական դրություն չենք հայտարարում, ես սրա տրամաբանությունը որևէ կերպ չեմ հասկանում։ Սրանից ավելի էլ ի՞նչ պետք է լիներ, որպեսզի մենք համոզվեինք, որ ռազմական դրության անհրաժեշտություն կա»,- հավելեց Թագուհի Թովմասյանը։
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, Թագուհի Թովմասյանը նկատեց. «Այս փուլում խոսել արտահերթ ընտրությունների մասին՝ համարում եմ անբարոյականություն, մենք երկիր ենք կորցնում, ժողովուրդ, ադրբեջանցիները մեր տուն են մտնում, որևէ մեկը չի դիմադրում, ես ուզում էի այս իրավիճակը լուրջ հասկանանք։ Մարդիկ գնում են քարոզարշավի, ապահով մարզեր են գտնում, գնում են։ Երեկ ինձ զանգահարել են քաղաքացիներ, ու ասում են՝ եթե մարդ չի գալիս, գոնե մեզ զենք տվեք՝ պաշտպանվենք։ Չկա որևէ պատկան կառույց, որն այդ հարցով ունակ լինի զբաղվելու, երեկվանից փորձում եմ գտնել ՊՆ-ից կենդանի որևէ մեկին՝ չի հաջողվում»։
Ըստ նրա՝ ադրբեջանական գործողությունները մեծապես պայմանավորված են ՀՀ-ում առկա անկայուն վիճակով։