«Կակռազ Քոչարյանի դատի մասին արդեն չենք մտածում». Ալեն Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի ձայնային հաղորդագրության մասին
Այսօր ԱԺ նիստի ժամանակ, երբ պատգամավորները պետք է հերթագրվեին հերթական նախագիծը ներկայացնող պատգամավորներին հարցեր ուղղելու համար, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պատահաբար միացրեց Նիկոլ Փաշինյանի ձայնային հաղորդագրությունը։
Ձայնային հաղորդագրությամբ Նիկոլ Փաշինյանն ասում էր. «Հա, չգիտեմ, Քոչարյանի դատն ա…»։ Ալեն Սիմոնյանն արագ անջատեց հեռախոսը՝ ասելով՝ «Ուփս»:
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանն ասաց, թե որևէ բան չի ասելու այդ մասին՝ նշելով, թե էական բան չկա։
Դիտարկմանը՝ տպավորություն է, որ առավոտից երեկո մտածում են Ռոբերտ Քոչարյանի դատի մասին, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Կակռազ դրա մասին արդեն չենք մտածում, որովհետև դրա մասին պետք է իրավապահները մտածեն։ Չեմ կարող գաղտնազերծել, թե Նիկոլ Փաշինյանն ինչ էր ասում, դա մասնավոր զրույց էր, որևէ գաղտնազերծելու բան չկա, մի՛ անհանգստացեք»։
Ինչ վերաբերում է իր արտաբերած «Ուփս»-ին, Ալեն Սիմոնյանը նկատեց, թե այդպես է ասել, քանի որ նիստի ժամանակ պետք չէր, որ այն լսվեր։