Տարեկան ավելի քան 9 միլիարդ դրամ հավելավճա՞ր՝ զինծառայողների զինվորական կոչումների համար, թե՞ նախընտրական կաշառք

Հունիսի 20-ի հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունն ամեն ինչ անում է ընտրություններին անհրաժեշտ ձայներ ապահովելու համար: Ընտրությունների օր դեռևս պաշտոնապես նշանակված չէ, սակայն իշխանությունը մեկը մյուսի հետևից խոստումներ է շռայլում:

Նիկոլ Փաշինյանն իր անվտանգությունն ապահովող ՊՊԾ աշխատակիցներին «կաշառելուց», նրանց աշխատավարձն ընդհուպ 97.5% բարձրացնելուց, ուսուցիչների աշխատավարձի բարձրացման մասին բարձրաձայնելուց հետո, այժմ էլ անցել է զինվորական ծառայությունը «գրավիչ» դարձնելուն ուղղված քայլերին:

Զինվորական ծառայությունը գրավիչ դարձնելու մասին Փաշինյանը հայտարարել էր Վայոց Ձորի Գետափ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ՝ նշելով, թե կա գաղափար՝ էապես կրճատել ժամկետային զինծառայությանը համակարգը, ու 5 տարին մեկ 2-3 ամսով երիտասարդների համար մարտական նվազագույն հմտություններ ձեռք բերելուն միտված հավաքներ կազմակերպել:

Զինվորական ծառայությունը գրավիչ դարձնելուն կամ էլ ընտրազանգվածին կաշառելուն է ուղղված Պաշտպանության նախարարության մշակած նոր ծրագիծը, որն այսօր քննարկման է դրվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման մասնական կայքում: «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է զինծառայողների զինվորական կոչումների համար սահմանել հավելավճարներ, որոնց չափերը նախատեսվելու են ՀՀ կառավարության որոշմամբ:

Հենց նախագծի հիմնավորման մեջ է ասված, որ այն բերվել է զինվորական ծառայությունն ավելի գրավիչ դարձնելու համար:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 16-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված է, որ զինվորական կոչումների համար հավելավճար չի տրվում, ինչն ազդում է զինծառայության գրավչության վրա, ինչպես նաև արդարացի դժգոհություններ է առաջացրել զինծառայողների շրջանում, քանի որ օրենքով հավելավճարի իրավունք է սահմանված պետական ծառայության մի շարք այլ տեսակներում ծառայություն անցնող անձանց համար: Միաժամանակ, հաշվի առնելով զինվորական ծառայության առանձնահատկությունները, նպատակահարմար է, որպեսզի զինվորական կոչումները հաշվարկվեն բացարձակ դրամական մեծությամբ՝ հաշվի առնելով գործընթացի ծավալները»,- նշված է նախագծում:

Ըստ նախագծի հեղինակների՝ օրենքի նախագծի ընդունման հիման վրա անհրաժեշտ է լինելու Կառավարության որոշմամբ սահմանել հավելավճարների չափերը՝ ըստ զինվորական կոչումների: Հավելավճարների նախնական չափերի և հաշվարկների արդյունքում ամսական անհրաժեշտ կլինի լրացուցիչ 781 միլիոն 389 հազար 420 ՀՀ դրամ, իսկ տարեկան՝ լրացուցիչ 9 միլիարդ 376 միլիոն 673 հազար 040 ՀՀ դրամ: Ծախսերը կիրականացվեն պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

Տեսանյութեր

Լրահոս