Ուսուցիչների աշխատավարձի իրակա՞ն բարձրացում, թե՞ հերթական կաշառքը` ընտրություններից առաջ

Հունիսի 20-ի հնարավոր ընտրություններից առաջ իշխանությունն ամեն ինչ անում է ընտրություններին անհրաժեշտ ձայներ ապահովելու համար: Ու չնայած դեռ պաշտոնապես ընտրության օր նշանակված չէ, իշխանությունը մեկը մյուսի հետևից խոստումներ է շռայլում: Նիկոլ Փաշինյանն իր անվտանգությունն ապահովող ՊՊԾ աշխատակիցներին «կաշառելուց», նրանց աշխատավարձն ընդհուպ մինչև 97.5% բարձրացնելուց հետո անցել է ուսուցիչների աշխատավարձի բարձրացման մասին լուրերը պարբերաբար բարձրաձայնելուն:

Կառավարության այսօրվա նիստում, երբ քննարկվում էր պետական բյուջեում փոփոխություն անելու և գիտությանը 2 միլիարդ 700 միլիոն դրամ հատկացնելու մասին հարցը, Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չթողնելով, «բյուջեի հոդվածներն առանձնանում են, բայց էությունը նույնն է» ասելով՝ կրկին հիշեց ուսուցիչների աշխատավարձերի մասին:

«Այս պրոցեսի ընթացքում գործնականում չգիտեմ` ինչքան ժամանակ հետո, բայց մենք կարող ենք երաշխավորված համարել, որ դպրոցում ունենալու ենք միայն բարձր որակավորում ունեցող ուսուցիչներ, որոնք, ի դեպ, ունենալու են հնարավորություն իրենց աշխատավարձը սեփական որակավորման բարձրացման միջոցով անընդհատ բարձրացնել: Էլի ուզում եմ ընդգծել` ոչ թե կառավարությունն է իրենց աշխատավարձը բարձրացնելու, այլ իրենք են իրենց աշխատավարձը բարձրացնելու, և այս տարվա նոյեմբերից արդեն, նախնական հաշվարկներով, մոտ 1500 ուսուցիչներ առնվազն 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանան»,- նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը դեռ մարտի 17-ին կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ էր ասել, թե այս տարվա սեպտեմբերից պատրաստվում են փոխել ուսուցիչների աշխատավարձի համակարգը՝ նշելով, թե մասնագիտական որակավորումը հաստատած ուսուցիչների աշխատավարձը սկզբնական շրջանում 30-50%-ով կբարձրանա:

Ամեն ինչ այդքանով չավարտվեց: Մարտի 28-ին, երբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արմավիրի մարզի մի քանի գյուղեր, Փաշինյանը կրկին զարմանք էր հայտնել՝ «ինչի՞ պետք է այսօր Հայաստանում լինի ուսուցիչ, որը կստանա 30 կամ 50 հազար դրամ աշխատավարձ, ինչո՞ւ Հայաստանում պետք է աղքատությունը շարունակի մնալ այն նույն պրոբլեմը»:

«Այո՛, այս տարվանից մենք սկսում ենք մի գործընթաց, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ցածր աշխատավարձ ստացող ուսուցիչ չի լինելու: Հետևյալ պայմանն ենք կապում՝ այն ուսուցիչները, ովքեր ատեստավորմամբ իրենց բարձր որակավորումը կհաստատեն՝ նրանց աշխատավարձը նոյեմբերից արդեն 30-50 տոկոսով կբարձրանա: Բայց սա մենակ ուսուցիչների համար չէ, սա մեր երեխաների համար է, մենք հնարավորություն կտանք, որ ուսուցիչներն իրենց աշխատանքի վրա կենտրոնանան: Դրանից հետո, լավ աշխատանքի արդյունքում ուսուցիչները հնարավորություն կունենան միավորներ ավելացնել իրենց անհատական վարկանիշին, և ինչքան միավորները բարձրանան, այնքան աշխատավարձերը զուգահեռ կմեծանան: Սա նշանակում է՝ մեր երեխաներն ավելի հուսալի գիտելիք կունենան»,- ելույթում ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Հունիսի 20-ը սարերի հետևում չէ, ընտրություններ կարող է անգամ պաշտոնապես չհայտարարվեն, բայց «թավշյա վարչապետը» շարունակում է անգամ հուզվելով հասնել նրան, որ հանրությունն իրեն նոր շանս տա` ժողովրդին  «խոնարհաբար ծառայելու» համար:

Տեսանյութեր

Լրահոս