«Արայիկ Հարությունյանը, եթե հայտարարություն է արել, թող գնա իր հայտարարություններին պատասխան տա, Միքայելյան Սասունը չպետք է պատասխան տա». Սասուն Միքայելյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն այսօր խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան՝ անդրադարձավ Արցախի Հանրապաետության նախագահի հայտարարությանը: Արայիկ Հարությունյանը երեկ հրապարակավ ասել էր, որ հոկտեմբերի սկզբին պատերազմի ելքն իր համար արդեն պարզ էր, «բայց հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել։ Չի ձևավորվում քաղաքական կոնսենսուս կամ միասնական կարծիք ընդդիմադիր, իշխանամետ ուժերի, իշխանության միջև, և կարծես թե պատերազմը կանգնեցնելն այդ օրերին համարում էին դավաճանություն»: ԱԺ իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանը սրան ի պատասխան՝ հակադարձեց.
«Արայիկ Հարությունյանը Արցախի Հանրապետության նախագահն է եղել, եթե հայտարարություն է արել, թող գնա իր հայտարարություններին պատասխան տա։ Միքայելյան Սասունը չպետք է պատասխան տա, Միքայելյան Սասունը որպես զինվոր, հրամանատար՝ իր զենքը վերցրել, գնացել կռվել է»։
Հարցին՝ ինչո՞ւ 6 ամսվա ընթացքում իշխանություններին չի հաջողվում լուծել Սյունիքի հարցը, որ ինքը գնացել ու ճանապարհին երկու ժամ կանգնել է, հետո ասել, թե կարող են այդ ժամանակ գալ ու մարդուն գողանալ, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Նախ, թուրքն ինձ չի կարող գողանալ, հետո պատերազմ տեսած մարդ՝ ես ձեր ապագայի մասին եմ մտածում, մեր ժողովրդի ապագայի մասին»։