Բերման ենթարկված տղամարդու մեքենայում ապօրինի հրազեն կար
Ոստիկանության Տարոնի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Տաշիր քաղաքի 30-ամյա մի բնակիչ թե՛ իր բնակավայրում և թե՛ Վանաձորում պարբերաբար ապօրինի կերպով ատրճանակ է կրում։ Ձեռք բերված օպերատիվ տվյալների իսկությունը ստուգելուց հետո հարուցվեց քրեական գործ։
Ապրիլի 26-ին Վանաձոր քաղաքի Նժդեհի փողոցից կասկածվողը, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի իր մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Տարոնի բաժին: Խուզարկությամբ մեքենայից հայտնաբերվեց «WALTER» տիպի ատրճանակ՝ պահեստատուփում 4 փամփուշտով:
Ըստ բերման ենթարկվածի՝ ատրճանակն ու փամփուշտները ձեռք էր բերել ապրիլյան պատերազմին մասնակցելու ընթացքում:
Ատրճանակն առգրավվել է։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Քննությունը շարունակվում է: