Եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետի կարգավիճակից բխող ինչ-որ գործողություններ կատարի, հետագայում նաև կարող է մեղադրվել Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով. Սահմանադրագետ

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ հիշեցրել է, թե Նիկոլ Փաշինյանը դեռ 2018 թվականին ինչպիսի դիրքորոշում ուներ վարչապետի հրաժարականից հետո վարչապետի պաշտոնակատարի նշանակման հարցի շուրջ:

Ն. Զոհրաբյանը տեղադրել է Փաշինյանի ելույթներից մեկը, որտեղ երբեմնի հեղափոխականը վստահեցնում է, թե վարչապետի հրաժարականից հետո վերջինս չի կարող մնալ պաշտոնակատար, և գրել. «Սա այն եզակի դեպքերից է, երբ միանշանակ համաձայն եմ Նիկոլի հետ։ Այո, Հայաստանի օրենսդրությամբ վարչապետի հրաժարականից հետո վերջինս չի կարող մնալ պաշտոնակատար։ Հայաստանի օրենսդրությունը վերաբերում է նաև Նիկոլին»:

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը ևս համակարծիք է Նաիրա Զոհրաբյանի դիտարկումների հետ. 168.am-ի հետ զրույցում նա մասնավորապես նկատեց. «Ես էլ եմ համաձայն այն տեսակետի հետ, որ Նիկոլ Փաշինյանի միակ ճիշտ խոսքն է եղել:

Վարչապետի հրաժարականի խնդիրը կարգավորվում է Սահմանադրության  158-րդ հոդվածով:

Այս հոդվածը սահմանում է՝ կառավարության կամ վարչապետի հրաժարականից հետո կառավարության անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները: Շեշտում է՝ «կառավարության անդամները շարունակում են» կատարել, իսկ և՛ Սահմանադրությունը, և՛ Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքը վարչապետին հստակ տարանջատում է կառավարության անդամներից:

Վարչապետի պաշտոնի նշանակման կամ ընտրության լրիվ այլ ընթացակարգ կա, կառավարության մյուս անդամների համար՝ միանգամայն այլ ընթացակարգ, և այդ պարագայում՝ կառավարության անդամները նույնացվում են նախարարների հետ: Այսինքն՝ նախարարները շարունակում են կատարել իրենց պարտականությունները, իսկ վարչապետի հրաժարականի դեպքում՝ նա այլևս վարչապետ չէ. սա է Սահմանադրության բովանդակությունը: Եթե Սահմանադրությունը վարչապետին նկատի ունենար, ուղղակի կգրեր՝ կառավարությունը շարունակում է կատարել իր պարտականությունները»:

Իսկ թե Փաշինյանի կողմից վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի գործառույթները ստանձնելն ի՞նչ իրավական հետևանքներ կունենա՝ սահմանադրագետը մանրամասնեց. «Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է մինչև 15 տարի ազատազրկում. երբ ՀՀ նախագահը, վարչապետը, պատգամավորներն այլևս իրենց պաշտոնում չեն, սակայն շարունակում են պաշտոնավարել, այդ պարագայում արդեն նրանց սպասվում է քրեական պատասխանատվություն:

Այս ընթացքում եթե նախկին վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի կարգավիճակից բխող ինչ-որ գործողություններ կատարի, որոշումներ ընդունի, կառավարության նիստեր հրավիրի և վարի, բնականաբար, հետագայում նաև կարող է մեղադրվել Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով»:

Տեսանյութեր

Լրահոս