«Չենք ուզում, որ դավաճանը գա՝ մեր զինվորների գերեզմանները պղծի․․․»․ Փաշինյանը հեռացավ Կապանից

Նիկոլ Փաշինյանը, որն այսօր վաղ առավոտյան Կապանից ուղևորվել էր Ագարակ, այնուհետև՝ Մեղրի,  և արժանացել էր սյունեցիների վիրավորանքներին, հայհոյանքներին, չեղարկեց դեպի Քաջարան այցը և կրկին վերադարձավ Կապան։

Կապանում՝  մարզպետարան մուտք գործելու պահին, մի խումբ քաղաքացիներ ծափողջույններով էին դիմավորել Փաշինյանին, իսկ հակառակ կողմում նրա ճանապարհը փակած կապանցիներն էին, որոնք ևս դեմ էին Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցին։

«Մենք չենք ուզում, որ դավաճանը գա մեր զինվորների, մեր զոհված ազատամարտիկների գերեզմանները պղծի․․․ Կանգնելու ենք, մինչև ինքը գնա, թող մեր Կապանից դուրս գա, ինքը մեզ պետք չի։ Ես ինքս մինչև Հորադիզ ոտքով եմ հասել, այսօր այդ 140 կիլոմետրն ինքը մի գրչի հարվածով հանձնեց թուրքին»,- ասաց մարզպետարանի շենքի մոտ կանգնած կապանցին, որը մի խումբ քաղաքացիների հետ փակել էր Կապանի զինվորական պանթեոն տանող ճանապարհը։

Փաշինյանի մարզ կատարած այցին դեմ մեկ ուրիշ տղամարդ  էլ ասաց, որ իրենք կռված տղերք են, և ոչ մի ձևով չեն արդարացնում Նիկոլ Փաշինյանին․

«Ով կռված չի, Նիկոլի մեջքին կանգնած՝ Նիկոլ է կանչում, որովհետև պոստի գույնը չգիտեն՝ ինչ ձև է․․․ Էսօր կանգնած գերեզմաններում ծաղիկ է դնում, կոկորդիլոսի նման լացում, ո՞ւմ է դրանով խաբում։ Իրեն էստեղ տեղ չունի բարձրանալու, իրա տեղը Իջևանում է, թող գնա Իջևանում կանգնի, թուրքերը տեղ չունեն ստեղ, թող Ալիևի հետ գնա Բաքու․․․»։

Մարզպետարանից դուրս եկող Փաշինյանին, ապա նրա քաղաքից հեռացող ավտոշարասյանը սյունեցիները բղավում էին՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու»։

Հիշեցնենք, որ Փաշինյանի հետ Սյունիքում էին  նաև ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը և ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս