Բաժիններ՝

Թուրքիայի և Եգիպտոսի միջև սառույցը հալչում է. թուրքական պատվիրակությունը կմեկնի Կահիրե

Վերջին տարիներին խաթարված Եգիպտոս-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար երկու երկրների ղեկավարությունների կողմից դրական ազդակներ են նկատվում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով երկկողմ հարաբերությունների թեմային ասել է, որ Եգիպտոսի ղեկավարությունը Թուրքիայից պատվիրակություն է հրավիրել: Նրա փոխանցմամբ՝ թուրքական պատվիրակությունը Եգիպտոս կմեկնի մայիսի սկզբին, ավելի ուշ ինքը հանդիպում կունենա եգիպտոսցի իր գործընկերոջ՝ Սեմիհ Շյուքրյուի հետ:

Լրագրողի այն հարցին, թե հայտնի է արդյոք ճանապարհային քարտեզը Եգիպտոսի հետ կարգավորման քայլերում, Թուրքիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ վճռական են տրամադրված այդ հարցում:

Նախօրեին նա խոսել էր առաջիկայում երկկողմ, այդ թվում փոխարտգործնախարարների մակարդակով փոխայցելությունների հնարավորության մասին:

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Չավուշօղլուի և Շյուքրյույի միջև հեռախոսազրույց էր տեղի ունեցել: Եգիպտոսը պատրաստակամություն էր հայտնել Թուրքիայի հետ միջազգային իրավունքի հիման վրա հարաբերություններ հաստատել, ինչպես նաև սկսել երկխոսություն, որից կշահեն երկու կողմերն էլ:

Կահիրեի և Անկարայի միջև հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ Եգիպտոսի բանակը 2013 թվականին գահընկեց արեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակից, «Մահմեդական եղբայրներ» շարժման նախագահ Մուհամեդ Մուրսիին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս