«Նույնիսկ, եթե Օնիկ Գասպարյանը նման հայտարարություն չէր արել, պետք է մտածեր պատերազմը կանգնեցնելու մասին». Թագուհի Թովմասյան
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի խոսքով՝ հետևում է Նիկոլ Փաշինյան-Օնիկ Գասպարյան հեռակա բանավեճին:
«Այս ամենի մեջ ինձ մեկ հարց է հետաքրքրում, եթե պատերազմի առաջին օրն Օնիկ Գասպարյանը չի ասել, որ պատերազմն օր առաջ պետք է դադարեցվի, ապա ե՞րբ է ասել: Պետք է այս հարցի պատասխանն ունենանք: Երկրորդը՝ եթե նույնիսկ Օնիկ Գասպարյանն Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ չի ասել, որ պետք է օր առաջ կանգնեցնել պատերազմը, մենք այդքան լավատե՞ս էինք, որ կարող ենք հաղթել ՆԱՏՕ-ի ամենագերհզոր բանակ ունեցող թուրքական զորքին: Մեր հույսն ինչի՞ վրա էր: Նույնիսկ, եթե Օնիկ Գասպարյանը նման հայտարարություն չէր արել, պետք է մտածեր պատերազմը կանգնեցնելու մասին: Մենք տեսանք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ օրվա իշխանությունը, որին բոլորս քննադատել ենք, որին գոնե ես համարել եմ հողերի հանձնող, այնուամենայնիվ հասկացավ լրջությունը և կանգնեցրեց պատերազմը: Ինչո՞ւ մենք մեր ռիսկերը չենք գնահատել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Թագուհի Թովմասյանը:
Ըստ պատգամավորի, հանրությունն իշխանություն չի ընտրում, որպեսզի հետո ասի, թե այդ իշխանությունն ինչ պետք է անի՝ պետության ղեկավարն ինքը պետք է առաջնորդվի պետության շահով, ռիսկերը գնահատի և առաջ գնա: Իսկ կարևոր որոշումներ կայացնելիս պետք է խորհրդակցեին պրոֆեսիոնալների հետ՝ նման բան չի արվել, և այդ ամենը երկրի համար արժեցել է 4000 զոհ, 1000 վիրավոր և անհատ թվով անհայտ կորածներ:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի խոսքին՝ ուղղված «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Գոռ Գևորգյանին, երբ Նիկոլ Փաշինյանը նրան խորհրդարանում հորդորեց հիշել, թե ո՞վ է և ինչպե՞ս է հայտնվել խորհրդարանում, Թագուհի Թովմասյանի կարծիքով՝ այդ ամենն ավելի շատ ուղղված էր «Իմ քայլի» պատգամավորներին, ուղերձ էր, որ եթե որևէ մեկը համարձակվի և լքի խմբակցությունը, ապա կարժանանա նույն վերաբերմունքին:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում