«Ադրբեջանում ամենաբարձր՝ պետության նախագահի մակարդակով շարունակվում է հայատյացության քարոզը»

Հայատյացության հերթական դրսևորումը 2021թ. ապրիլի 12-ին Բաքվում բացված, այսպես կոչված, «Ռազմավարի զբոսայգին» էր՝ հայ զինվորականներին և ռազմագերիներին պատկերող անմարդկային, նվաստացուցիչ տեսարաններով։

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով հերթական բարբարոսությանը՝ հայտարարություն է տարածել՝ մասնավորապես նշելով.

««Պուրակի» հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից ակնհայտ է, որ ցուցադրությունն արված է Հայաստանի ու Արցախի հայերի, Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ատելությունն ու թշնամանքն ավելացնելու, խրախուսելու համար: Ցուցադրություններն արված են ցինիզմով՝ հրապարակայնորեն նսեմացնելու համար պատերազմում զոհվածների հիշատակը, անհայտ կորածներին ու գերիներին, ոտնահարելու համար նրանց ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը: Նույն ցինիզմով ցուցադրված են Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրերը, իսկ զոհված զինվորականների սաղավարտների ցուցադրումն արված է՝ ակնհայտ իմանալով, որ դա լրացուցիչ տառապանքներ է պատճառելու նրանց ընտանիքներին, հայաստանյան ու արցախյան հասարակությանը, գեներացնելու է նոր ատելություն ադրբեջանական հասարակությունում: Ադրբեջանական իշխանությունները բացված «պուրակում» ցուցադրել են նաև հայ գերիներին վերաբերող տեսարաններ: Այս քայլը հատկապես դատապարտելի է այն ֆոնին, որ Ադրբեջանում շարունակում են ապօրինաբար, մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ խախտմամբ պահվել գերիներ՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք: Նման «պուրակի» բացումն ակնհայտ հաստատում է Ադրբեջանում ինստիտուցիոնալ հայատյացության և թշնամանքի քարոզի պետական քաղաքականության առկայության փաստը: Այդ քաղաքականությունը հետևողականորեն իրականացվում է տարիներ շարունակ և հաստատվում կոնկրետ ապացույցներով»:

168.am-ի հետ զրույցում ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը՝ ընդգծելով, որ չնայած պատերազմը ժամանակավոր դադարեցվել է, հնչում են խաղաղության կոչեր, և այլն, ադրբեջանական կողմը չի էլ թաքցնում իր նկրտումները: Ավելին, Թուրքիայի հետ անընդհատ զորավարժություններ է անում․

«Ադրբեջանում ամենաբարձր՝ պետության նախագահի մակարդակով շարունակվում է հայատյացության քարոզը, և դրա վառ օրինակն է, այսպես կոչված, հայկական ռազմավարի պուրակը: Ինչպես ասվում է ռուսական ասացվածքում՝ «Կրկեսը գնաց, բայց ծաղրածուները մնացին»: Ադրբեջանի գլխավոր ծաղրածու Ալիևն այդ նույն ժամանակահատվածում ռուսական դեսպանատան դիմաց «Ենի Մուսաֆաթ» կուսակցության կողմից հրահրել էր հակառուսական միտինգներ՝ «Պուտին, հեռացիր», «Դուրս շպրտեք ռուսներին մեր տարածքներից» կարգախոսներով: Հակառուսականության այս մեծ ալիքն Ադրբեջանում շարունակվում է, ու նաև մյուս կողմից Ադրբեջանը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի նույնական ալիք բարձրանա Հայաստանում»:

Նաև հավելեց․««Կարմիր շուկայի» մասով էլ փորձում են հայ ռազմագերիներին առևտրի առարկա սարքել, որպեսզի տիրանան իրենց համար կյանքի ճանապարհին՝ Կարմիր շուկայից Շուշի գնացող հատվածին, որովհետև մինչև հիմա Ադրբեջանը կայուն ճանապարհ չունի դեպի Շուշի՝ իրենց զինվորներին ու սելֆիի սիրահար Մեհրիբանին ու Ալիևին այնտեղ անվտանգ տանելու համար:

Կարծում եմ, որ մենք հսկայական անելիք ունենք: Այս մեծ խաղը չի դադարել: Տեսնում ենք՝ հիմա ինչ մեծ սրացում է Դոնբասում, և դա ուղղակիորեն կապված է Արցախի հետ: Թուրքիան փորձեր է կատարում Ռուսաստանի հետ ինչ-որ փոխհամաձայնության գալ, իբրև թե ձեռք կքաշի Դոնբասից ու Ղրիմից, և փոխարենը ուզում է Արցախի մնացած մասը կլանել: Ընդգծեմ, որ թուրք-ադրբեջանական դաշինքը, խորապես անբավարարված մնալով այս պատերազմից, շարունակելու է սադրանքները, այդ թվում՝ ռուս խաղաղապահների նկատմամբ»։

Տեսանյութեր

Լրահոս