«Իմքայլականները ծափահրում էին իրենց լիդերին. ծափերի ուժգնությունը կապ ունի ցուցակում համարների հետ». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթի ընթացքում իմքայլական պատգամավորներն իրենց ծափահարություններից հետո շատ արագ առաջ բերեցին այն թեզը, թե իրենք ծափահարում էին Արցախի ու Հայաստանի ապագայի համար:
«Իրականությունը հետևյալն է, որ իրենք ծափահարում էին իրենց լիդերին, քանի որ այս օրերին գրվում է նախընտրական ցուցակը, և ծափերի ուժգնությունը կապ ունի ցուցակում համարների հետ: Թե չէ պարզ է, որ իրենք Հայաստանի ապագային հավատացող մարդիկ չեն, իրենք ուղղակի ուզում են իրենց մանդատի ապագային հավատան կամ չհավատան: Հիմա ծանր շրջան է, և այլևս պարզ է, որ «Իմ քայլը» 50 կամ 80 պատգամավոր չի ունենալու, և բազմաթիվ մարդիկ դուրս են մնալու, հետևաբար` այդ ծափերն ուղղված էին լիդերին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը:
Հարցին՝ առաջինը ոտքի կանգնեց և ծափահարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, նա՞ է լինելու նախընտրական ցուցակում առաջինը, Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ նա դեսպան է լինելու Միացյալ Նահանգներում, ինչն «ավելի ուժեղ է, քան մանդատ ստանալը»:
«Այդ ազգակործան ներկայից իշանությունների հետ դժվար է դուրս գալը, ինչպե՞ս են պատկերացնում՝ խոսել ապագայի մասին: Իմ շրջապատում չկա այդպիսի մարդ, որը Հայաստանի ու Արցախի ապագային չի հավատում, բայց կան նաև հարյուր-հազարավոր մարդիկ, որոնք գործող իշխանությանը և Հայաստանի ապագան համատեղ չեն տեսնում: Իհարկե, Հայաստանն ունի ապագա, բայց հարց է՝ իրենք այնտեղ կլինե՞ն, թե՞ ոչ»,- հավելեց Էդմոն Մարուքյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում