«Եթե, ըստ Փաշինյանի՝ Օնիկ Գասպարյանը ստել է և նման հայտարարություն չի արել՝ ինչո՞ւ է 1.5 ամիս լռել և նրան չի ենթարկել պատասխանատվության». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ վերջին շրջանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը խորհրդարանի նիստերին չի մասնակցում:
«Մենք մասնակցում ենք միայն Կառավարության բերած այն նախագծերի քննարկմանը, որոնց նպատակահարմար ենք գտնում: Մենք այդպիսի մարտավարություն ենք ընտրել և, կարծում ենք՝ ճիշտ է, որովհետև մեր երկրում Հարկային կամ Ջրային օրենսգրքի բոլտին կամ շուրուպին վերաբերող քննարկումները կարևոր չեն: Կա մեկ կարևոր օրակարգ, որն այս հարթակում պետք է քննարկվի, ինչը, ցավոք, չի քննարկվում: Այդ պատճառով էլ մենք ենք որոշում գերակայությունը և այն հարցերը, որոնց քննարկմանը մասնակցում ենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Անդրադառնալով ԱԺ-ում երեկվա Նիկոլ Փաշինյանի ելույթին և այդ ելույթից հետո իշխանական խմբակցության պատգամավորների ծափահարություններին, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այդ ամենն իր համար ոչ միայն անհասկանալի է, այլև մերժելի։
«Երեկ Նիկոլ Փաշինյանը տվեց նախընտրական քարոզարշավի մեկնարկը, և ինքը փորձեց ստերով, մանիպուլյացիաներով քողարկել այն հարցերը, որոնք, բնականաբար, քարոզարշավի ժամանակ տալու էին իրեն: Իրեն հարցնելու էին՝ եթե Գլավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն ասել էր, որ հայկական կողմի ռեսուրսները բավարար չեն, և պատերազմը պետք է կանգնեցվի, ինչո՞ւ չեն կանգնեցրել: Նիկոլ Փաշինյանին թվաց, թե կանխեց բոլոր այդ հարցերը և այն հարցերը, որոնք ուղղակիորեն խնդրահարույց են լինելու քարոզարշավի ժամանակ: Այս ամենով Փաշինյանն իրեն դրեց փակուղու մեջ»,- հավելեց պատգամավորը:
Զոհրաբյանը խոստացավ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 16-ին տված հարցազրույցը, որտեղ լրագրողի հարցերին, թե ԳՇ պետը պատերազմի ընթացքում զեկուցե՞լ է, որ պետք է պատերազմը կանգնեցվի, Նիկոլ Փաշինյանն ըստ էության չի հերքել, որ ԳՇ պետը նման հայտարարություն արել է:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե այս թեմայի առնչությամբ ձայնագրություններ կհրապարակի, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ վայրկյան անգամ չի կասկածում, որ այս ձայնագրությունը հրապարակվելու է մոնտաժված տարբերակով, կամ էլ առհասարակ նման ձայնագրություն չի լինելու:
«Այստեղ ևս Նիկոլի համար իրավիճակը փակուղային է, որովհետև եթե Օնիկ Գասպարյանը 1,5 ամիս առաջ արել է առաջարկություն, և հենց այդ ժամանակ Օնիկ Գասպարյանի հանդեպ քրեական գործ չի հարուցվել, ապա այստեղ գալիս է հետևյալ հարցը՝ պարոն Փաշինյան, եթե, ըստ ձեզ, Օնիկ Գասպարյանը ստել է և նման հայտարարություն չի արել, ապա 1,5 ամիս առաջ ինչո՞ւ լռեցիք և Օնիկ Գասպարյանը չենթարկվեց քրեական պատասխանատվության»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում