2021 ֆինանսական տարվա առաջին կեսին ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը հասել է ռեկորդային 1,7 տրիլիոն դոլարի
2021 ֆինանսական տարվա (սկսվել է 2020 թվականի հոկտեմբերի 1-ին) առաջին կեսին ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը գերազանցել է 1,7 տրիլիոն դոլարը: Ապրիլի 12-ին այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը:
Իր հերթին Associated Press գործակալությունը նշում է, որ այդ թիվը ռեկորդային է եւ գրեթե կրկնապատիկ գերազանցում է կիսամյակի նախորդ առավելագույն ցուցանիշը, որն արձանագրվել էր 2011 ֆինանսական տարում:
Բյուջեի պակասուրդի ավելացումը բացատրվում է ամենից առաջ Միացյալ Նահանգների կառավարության արտակարգ ծախսերով տնտեսական ճգնաժամի հաղթահարման համար, որի պատճառը նոր կորոնավիրուսի հարուցած համավարակն է:
Ֆինանսների նախարարության տարածած տվյալների համաձայն՝ ամբողջությամբ վերցված 2021 ֆինանսական տարվա առաջին վեց ամիսներին դաշնային բյուջեի ծախսերը գերազանցել են 3,4 տրիլիոն դոլարը, մինչդեռ գանձարան մուտքերը կազմել են սոսկ 1,7 տրիլիոն դոլար:
Մարտ ամսին ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը ավելացել է գրեթե 660 միլիարդ դոլարով: Մարտ ամսին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ստորագրել է համավարակի պայմաններում երկրի տնտեսության խթանման միջոցների՝ Կոնգրեսի կողմից հաստատված նոր փաթեթը՝ 1,9 տրիլիոն դոլարի ծավալով: Այն նախատեսում է մոտավորապես 400 միլարդ դոլարի տրամադրում անմիջականորեն նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին: Շուրջ 1 տրիլիոն դոլարը պետք էուղղորդվի բնակչությանն օգնության տրամադրմանը, մնացածը՝ տնտեսության խթանմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: