Խոսքի, պատկերի կամ նշանի միջոցով հայհոյելու համար իշխանություններն առաջարկում են տուգանք 150-300 հազար դրամ

Արդարադատության նախարարությունն այժմ էլ որոշել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարել ու տուգանք սահմանել խոսքի, պատկերի, նշանի միջոցով հայհոյելու կամ անպարկեշտ վիրավորելու համար: Նախարարությունը օրենքի նախագիծը քննարկման է դրել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նախագծով առաջարկվում է կատարել հետևյալ լրացումը: Հասարակական վայրերում, զանգվածային լրատվության միջոցներով կամ ինտերնետային կայքերով (այդ թվում՝ սոցիալական ցանցերով) խոսքի, պատկերի, նշանի կամ այլ միջոցով հրապարակային հայհոյանքը կամ ցանկացած ձևով անպարկեշտ վիրավորանքը, եթե չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, կպատժվի 100-150 հազար դրամ տուգանքով:

Վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում արարքը կրկին կատարելը կպատժվի 151-300 հազար դրամ տուգանքով:

Որպես հիմնավորում՝ նշված է պետության կողմից հրապարակային հայհոյանքին համարժեք իրավական գնահատական տալու անհրաժեշտությունը:

«Հրապարակային հայհոյանքը կարող է ուղղված լինել ինչպես անհատի կամ անհատների հստակ որոշելի խմբի, այնպես էլ անորոշ թվով անձանց:

Բացի այդ, այն կարող է դրսևորվել նաև առանց անհատականացման, ընդհանրացված ձևով:

Անկախ նրանից, թե նշված դրսևորումներից որն է տեղի ունենում, արդյունքում, վնաս է հասցվում ոչ միայն կոնկրետ հասցեատիրոջը, այլև՝ ողջ հանրությանը, քանզի այն դրսևորվել է հրապարակային եղանակով, ինչն ինքնին վկայում է արարքի հանրային որոշակի վտանգավորության, հանրային բարքերի և բարոյական նորմերի, համակեցության ողջամիտ կանոնների նկատմամբ անտարբեր, ընդհուպ մինչև անհարգալից վերաբերմունքով: Այսինքն, նման պարագայում անձի արարքը ոչ միայն մասնավոր, այլև հանրային իրավունքի կողմից կարգավորման առարկա պետք է դառնա: Առավել ևս, երբ դրա դրսևորումներից մեկը՝ առանց անհատականացման, ընդհանրացված ձևով հայհոյանքը, չի կարող պաշտպանության արժանանալ քաղաքացիաիրավական դաշտում, քանզի առկա չէ հայհոյանքի կոնկրետ հասցեատերը, անձը, ում՝ քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված իրավունքը խախտվել է…

Նախագծով սահմանվել են նաև հայհոյանքի դրսևորման ձևերը, այն է՝ խոսքի, պատկերի կամ նշանի միջոցով՝ նպատակ ունենալով հնարավորինս համապարփակ կերպով ամրագրել հիմնական ձևերը՝ չբացառելով դրսևորման այլ ձևերի հնարավորությունը»,- նշված է նախագծի հիմնավորումներում:

Նախագծի հեղինակները վստահ են, որ նախագծում առկա ձևակերպումները, ինչպիսին, օրինակ` խոսքով, պատկերով կամ նշանով հայհոյելն է, բացառում են որակման հետ կապված հնարավոր խնդիրները, որոնք կարող էին առաջանալ քրեական և վարչական պատասխանատվության առումով:

Ինչ վերաբերում է քաղաքացիական պատասխանատվությանը, ապա, ըստ հեղինակների` հրապարակային հայհոյանքի համար անձին քաղաքացիական պատասխանատվության ենթարկելը կամ այդպիսի գործընթաց սկսելը որևէ կերպ չի փոխկապակցվում կամ, առավել ևս, արգելակում վարչական պատասխանատվության գործընթացը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ իրավախախտման օբյեկտը տարբեր է. քաղաքացիականի դեպքում գործ ունեն անձի արժանապատվության, իսկ վարչականի դեպքում, ըստ հեղինակների, հասարակական կարգի հետ:

Նախագիծը մշակվել է գլխավոր դատախազության կողմից, ու այս նախագծով ակնկալում են լրացնել օրենսդրական բացը, որը, ըստ նախագծի հեղինակների, հնարավորություն չի տալիս իրավական պատասխանատվության ենթարկելու հասարակական վայրերում, զանգվածային լրատվության միջոցներով կամ ինտերնետային կայքերով խոսքի, պատկերի, նշանի կամ այլ միջոցով հրապարակային հայհոյած, անպարկեշտ ձևով վիրավորած անձին, եթե վերջինիս արարքը չի պարունակում ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ:

Նշենք, որ ՔՕ 258-րդ հոդվածով պատասխանատվություն է նախատեսված խուլիգանության համար, որը բնորոշվում է որպես դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:

Նախագծի վերաբերյալ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում դիրքորոշում կարելի է ներկայացնել մինչև ապրիլի 22-ը: Նախագծի տեղադրման երկու օրվա ընթացքում նախագծին կողմ է արտահայտվել դրան ծանոթացածների՝ 7, դեմ` 93%-ը:

Տեսանյութեր

Լրահոս