Մահացել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Արա Մնացականյանը
2021 թ. մարտի 27-ին կյանքից վաղաժամ հեռացել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Արա Վլադիմիրի Մնացականյանը, որն իր բազմամյա գործունեությամբ և հարուստ փորձով նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության կայացման գործում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
«Արա Մնացականյանը ծնվել է 1959 թ.։ 1983 թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։
1996-ից ներգրավվել է դիվանագիտական ծառայության մեջ․ տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԱԳՆ հյուպատոսական, արարողակարգի և անձնակազմի կառավարման վարչություններում, Ուկրաինայում և Ռուսաստանում ՀՀ դեսպանություններում։ 2018-ից Արա Մնացականյանը զբաղեցնում էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդականի պաշտոնը՝ կատարելով մարզային հյուպատոսի, այնուհետև՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսի պարտականությունները։
Արա Մնացականյանն արժանացել է ՀՀ ԱԳՆ բազմաթիվ խրախուսանքների։
Փորձառու դիվանագետի, գործընկերների հարգանքը և հարազատների սերը վայելող Արա Մնացականյանի հիշատակը վառ կմնա մեր հիշողություններում։
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում պարոն Մնացականյանի հարազատներին և բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը»,- ասված է հայտարարությունում։