«Եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, վերարտադրվելու է Էրմենիստանի հեռանկարը». Դավիթ Ջամալյան
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի կարծիքով՝ բարոյական որևէ տաբու գործող իշխանությունը չունի:
«Սա մեր ազգային աղետն է, սա մեր ազգային նվաստացման ամենասև էջն է, որ այս իշխանությունը խայտառակ կապիտուլյացիայից, Արցախը սկուտեղի վրա մատուցելուց հետո դեռ այստեղ իշխանության է: Եթե Հայաստանը, իհարկե, մնա, մեր սերունդները սա որպես պատմության ամենասև էջ են ուսումնասիրելու: Սա ազգային ամոթի, խայտառակության բացառիկ օրինակ է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Դավիթ Ջամալյանի համար ապշելի է հասարակության վերաբերմունքը. «Երբ հետահայաց ես գցում, այնպիսի տպավորություն է, որ Ցեղասպանության նախօրեին հենց այսպիսի հոգեբանական վիճակ է եղել հանրային ընկալումներում, հայության շրջանում: Մենք հիմա հեշտությամբ նորից այդ զոհի կերպարի մեջ մտնելու վիճակում ենք, հիմա մեր գլխին ինչ ասես՝ կարող են բերել, և ակտիվ մասը, արժանապատվություն ունեցող, ազգի ճակատագրով մտահոգ մասը, փաստորեն, այս պահին մեծամասնություն չէ: Ես խոսում եմ ակտիվ հատվածի մասին, որովհետև այն, որ Նիկոլ Փաշինյան երևույթը չպետք է լինի կառավարության ղեկավար, այդ առումով հանրային ընկալումներում կա ձևավորված տիրապետող տեսակետ, բայց այդ կարծիքը կրող մեր հայրենակիցների մի փոքր մասն է միայն, որ ակտիվորեն ներգրավվում է այդ գաղափարը կյանքի կոչելուն, ինչից վարպետորեն օգտվում է Նիկոլ Փաշինյանը: Հիմա էլ բեմականացնելով նոր տեսարանը ԳՇ-ում՝ ինքը հարված է հասցնում ակտիվ, արժանապատիվ հայության հատվածին, փորձում է դրանով կոտրել նրանց, փողոցային պայքարը զրոյացնել, թեպետ վստահ եմ, որ չի հաջողվելու»:
Ռազմական փորձագետի խոսքով՝ գործող իշխանությունը քիրվայության գաղափարը դարձրել է առաջիկա տարիների Հայաստանի զարգացման կոնցեպտ և փորձում է դա ներմուծել մատաղ սերնդի ընկալումներում. «Արագածոտնի հանդիպմանը հավաքված երեխաները դժվար թե այս ելույթից ինչ-որ բան հասկանային, խորը վերլուծեին, իրենց հետաքրքիր էր այդ ընդհանուր մթնոլորտը, բայց շատ վտանգավոր, զարհուրելի բան է տեղի ունենում: Մենք պետք է հստակ հասկանանք՝ եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվում է, վերարտադրվում է Էրմենիստանի հեռանկարը, եթե հաղթում ենք մենք թուրք-ադրբեջանական խամաճիկներին, եթե կարողանում ենք պետականակենտրոն իշխանություն ձևավորել, մենք ապահովում ենք արժանապատիվ Հայաստանի հեռանկարը: Երկու գաղափար է հիմա առճակատման մտած իրար հետ՝ առողջ ազգի սերուցքը, որ պայքարում է արժանապատիվ, հզոր Հայաստանի համար, որ իբրև սուբյեկտ կարող է իր տեղն ու դերը վերահաստատել, մյուս կողմում Էրմենիստանի գաղափարը կրողներն են, թրքացածներն են, որոնք ակներևաբար օգտվում են, վայելում են թուրք-ադրբեջանական տանդեմի աջակցությունը, և այստեղ մեր ժողովուրդը պետք է իր խոսքն ասի: Բախտորոշ ընտրության առջև ենք կանգնած»:
Դավիթ Ջամալյանն ընդգծեց. «Այս թրքացածների իշխանությունը փոխելով է միայն հնարավոր հայ-ռուսական հարաբերությունները որակական նոր մակարդակի բերելով՝ ապահովել Հայաստանի դինամիկ զարգացումը, սուբյեկտայնության վերադարձը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում