«Լուրջ չեն նման արտահայտությունները». Ռուստամ Բադասյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին

Երեկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել էր ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման իր պատկերացրած ելքը` նշելով, որ իշխող ուժի կողմից  արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման դեպքում նրանք չեն խորշելու վարչական ռեսուրսի համատարած օգտագործումից, ինչի հետևանքով  բոլոր ընտրատեղամասերը կարող են վերածվել լարվածության օջախների: Միակ ելքը, ըստ ՀՀ առաջին նախագահի՝ Փաշինյանի, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն է արտերկրում:

«Ես առհասարակ առաջարկում եմ… հասարակությունը առանց այդ էլ, կարծում եմ՝ հոգնած է փոխադարձ մեղադրանքներից և նման արտահայտություններից՝ «դավաճան», «ոչ դավաճան», «ապաստան», «անվտանգության խնդիր», և այլն: Կարծում եմ՝ ամեն մեկը պետք է կենտրոնանա և մտածի իր քաղաքական վարկանիշի վրա: Եվ ամենևին էլ նման արտահայտությունները և նման անբովանդակ առաջարկները չեն նպաստելու այդ քաղաքական վարկանիշի բարձրացմանը:

Կարծում եմ՝ վերջին հետազոտության արդյունքները բավական խոսում են՝ ով որքան քաղաքական վարկանիշ ունի, ով ինչ ակնկալիք կարող է ունենալ արտահերթ ընտրությունների ժամանակ: Եվ ես կարծում եմ՝ սա քաղաքական բնույթի հայտարարություններ են, այսինքն՝ դրանց բովանդակային քննարկումը բացառված է, լուրջ չեն նման արտահայտությունները, և, կրկին պետք է, կարծում եմ, խոսել արդեն գաղափարների, առաջարկների և բովանդակային քննարկում սկսել, որովհետև կրկին ասում եմ, որ հասարակությունը արդեն հոգնել է  նման տեսակի մեղադրանքներից»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի հայտարարությանը, ասաց արդարադատության նախարար Ռուսամ Բադասյանը:

Նախարարի խոսքով՝ եթե Փաշինյանը հրաժարական տա, անվտանգության խնդիր չի ունենա:

«Ես առհասարակ ՀՀ որևէ  քաղաքացու անվտանգության որևէ խնդիր չեմ տեսնում: Մենք ժողովրդավարական երկիր ենք, իրավական երկիր ենք…»,- ասաց Բադասյանը:

Ըստ արդարադատության նախարարի՝ պետք չէ սենսացիա փնտրել և գտնել Փաշինյանի անվտանգությունն ապահովելու հարցում:

«ԱԺ շենքի անվտանգության պահպանումը, վարչապետի անվտանգության պահպանումը  դրանք համապատասխան մարմինների… դա նշանակում է, որ պետությունն ի զորու է անվտանգությունը պաշտպանելու: Դա չի նշանակում, որ վտանգներ չեն եղել: Վտանգներ եղել են, բոլորդ ականատես եք եղել նոյեմբերի 9-10-ի զանգվածային անկարգություններին, որը, կարծում եմ, արդեն հանրության ընկալման տեսանկյունից ակնհայտ էր, որ ունեցել է կազմակերպված, ուղղորդված բնույթ և նպատակ է հետապնդել անգամ սպանությունների միջոցով որոշակի հարցեր կարգավորել, որը լիարժեքորեն մերժվել է հանրության կողմից»,- ասաց նախարարը:

Արդարադատության նախարարը վստահ է, որ իշխանությունն ունի բարձր վարկանիշ, իսկ իրենց կողմից ընտրությունների կազմակերպումը չի տանի արյունահեղության, ընտրությունները չեն կեղծվի, վարչական ռեսուրս չի գործածվի:

Անգամ երկու շաբաթ առաջ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքին մարզերից ավտոբուսներով բերված քաղաքացիները, ըստ Բադասյանի, չեն ապացուցում, որ վարչական ռեսուրս էր գործադրվել:

Քաղաքական թիմի ներկայացուցչի խոսքով՝ վարչական ռեսուրսի կիրառումը զավեշտի դաշտից է, որովհետև 2018թ․ վարչական ռեսուրս չեն կիրառել: Իսկ այն, որ իրավիճակ է փոխվել 2018-ից հետո, ըստ Բադասյանի, լրագրողների գնահատականն է:

Նրա խոսքով՝ պատերազմի ծանր ընթացքի ու հետևանքների հաղթահարման առումով բոլոր անհրաժեշտ գործողությունները պետք է արվեն, ու քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան իրենց քվեով իրենց դիրքորոշումն արտահայտել:

Հարցին, թե պատերազմից ամիսներ անց ի՞նչն է հաղթահարվել, Ռուստամ Բադասյանը հորդորեց ծանոթանալ ԱԺ-ի ընդունած օրենսդրական նախաձեռնություններին:

«Բոլոր ուղղություններով, այսինքն՝ աշխատանք կատարվում է: Հիմա կարող է թվալ, որ ոչինչ էլ չի կատարվում, կամ այդպիսի մեկնաբանություն լինել»,- ասաց Ռուստամ Բադասյանը:

Տեսանյութեր

Լրահոս