Բաժիններ՝

Մի քաղաքականացրեք վիշտը

Հայաստանյան մամուլում այս օրերին բազմաթիվ հրապարակումներ են հայտնվում Ժողովրդական երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի մահվան բժշկական պատճառների, ինչպես նաև՝ հուղարկավորության կազմակերպչական հարցերի հետ կապված: Ցավոք, նույնիսկ քաղաքական շահարկումների է ենթարկվում սիրված երգչուհու մահը:

Ինչ-որ բժիշկներ են հայտնվում, որոնք իրենց եզրակացություններն են կատարում մահվան պատճառների, վիրահատության հետ կապված հարցերի շուրջ՝ ինչ-ինչ հիվանդություններ վերագրելով երգչուհուն, այն դեպքում, երբ նույնիսկ մինչ օրս բժշկական պաշտոնական եզրակացությունը հարազատներին չի տրվել: Հայաստանյան մամուլում նաև տհաճ քննարկումներ են սկսվել այն մասին, թե ովքե՞ր են այս օրերին աջակցել կամ իրենց ցավակցությունը հայտնել երգչուհու ընտանիքին:

Տարբեր և տհաճ քննարկումների առարկա է դարձել նաև այն հանգամանքը, թե ինչո՞ւ է ձգձգվում երգչուհու դին ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխելու հարցը: Որոշ լրատվամիջոցներ նույնիսկ շահարկել էին այն հանգամանքը, որ երգչուհու ընտանիքին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանը՝ մեկնաբանելով, թե ՀՀ կառավարությունը երգչուհու հուղարկավորության համար ստեղծված հանձնաժողովը ձևավորել է միայն այն բանից հետո, երբ Գ. Ծառուկյանն աջակցել է:

Եվ սա՝ այն դեպքում, երբ կառավարական հանձնաժողովը ձևավորվել էր մահվան լուրը հասնելուց անմիջապես հետո, և ԱՄՆ-ում ՀՀ հյուպատոսարանն առաջին իսկ օրից իր պատրաստակամությունն է հայտնել և զբաղվել կազմակերպչական բոլոր հարցերով: 168.am-ը զրուցեց Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքի բարեկամներից մեկի՝ Մարիա Ղուկասյանի հետ՝ որոշ պարզաբանումներ ստանալու նպատակով:

Կարդացեք նաև

«Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքի կորուստը չափազանց մեծ է, նրանք բոլորը լուռ սգում են իրենց վիշտը: Ընտանիքը որևէ մեկին նման խնդրանքով չէր էլ կարող դիմել:  Առհասարակ, երբ որևէ դժբախտ դեպք է պատահում, բոլոր մարդիկ՝ ընկերները, բարեկամները, համախմբվում են, և յուրաքանչյուրն իր աջակցությունն ու ցավակցությունն է հայտնում՝ դա կլինի հոգու, սրտի խոսքով, թե գումարով:

Ֆլորա Մարտիրոսյանի մահը ոչ միայն իր անմիջական հարազատների, ընկերների, այլև հայ ժողովրդի, աշխարհահռչակ արվեստագետների համար էր մեծ կորուստ: Մինչ օրս ընտանիքը բազմաթիվ ցավակցություններ է ստանում աշխարհի բոլոր երկրներում ապրող հայերից, միջազգային ճանաչման աստղերից: Այս օրերին շատերն են ցանկացել որևէ կերպ աջակցել երգչուհու ընտանիքին: Ֆլորա Մարտիրոսյանն իր կենդանության օրոք էլ մշտապես ասել է, որ համերգային իր նախագծերին մշտապես աջակցել են թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, թե Գագիկ Ծառուկյանը և Ռոզա Ծառուկյանը, թե «Գրանդ հոլդինգի» նախագահ, գործարար Հրանտ Վարդանյանը, և բազմաթիվ այլ գործարարներ, քաղաքական-հասարակական գործիչներ, անհատ քաղաքացիներ և՛ Հայաստանից, և՛ արտերկրից:

Պետք չէ քաղաքականացնել հարցը: Մեր բոլորիս կորուստը չափազանց մեծ է: Ընտանիքը որևէ հայտարարություն չի արել, քանի որ լուռ սգում են իրենց վիշտը: Այժմ չեմ ցանկանում մանրամասնել՝ ովքե՞ր և ինչպե՞ս են իրենց աջակցությունն ու ցավակցությունը արտահայտել ընտանիքին: Հուղարկավորությունից հետո մենք մեր շնորհակալությունը կհայտնենք բոլոր այն մարդկանց, ովքեր այս օրերին եղել են երգչուհու ընտանիքի կողքին: Բոլորն են ծանոթ Ֆլորա Մարտիրոսյանի համերգային գործունեությանը և բարեգործական ծրագրերին: Նա տասնյակ տարիներ շարունակ բարեգործական համերգներ է ունեցել թե Հայաստանում, թե Լեռնային Ղարաբաղում, թե Սփյուռքում:

Ֆլորա Մարտիրոսյանը 2007 թվականից հատկապես զբաղված էր իր կարևորագույն նախագծով, որը նրա երազանքն էր դարձել: Խոսքը «Never again» նախագծի մասին է, որն ուղղված էր ընդդեմ ցեղասպանությունների, պատերազմների: «Never again»՝ «Այլևս երբեք» նախագիծը սկիզբ է դրվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ: Այդ նախագծի և Ֆլորա Մարտիրոսյանի շուրջ էին համախմբվել  աշխարհահռչակ բազմաթիվ արտիստներ, այդ թվում՝ Սթիվի Ուանդերը, որոնք միասին մեծ համերգ ունեցան ԱՄՆ-ում: Երգչուհու ընտանիքը և բազմաթիվ ընկերներն այս տարիների ընթացքում մեծ միջոցներ էին ներդրել՝ այդ նախագծի իրականացման համար:

Սխալ են բոլոր այն մեկնաբանությունները, թե ՀՀ կառավարությունն այս օրերին աջակցություն չի ցուցաբերել:  Նույնիսկ անտրամաբանական է, թե ինչպե՞ս կարող էր պետությունը, որն իր իսկ Ժողովրդական արտիստուհու նախագծերին նրա կենդանության օրոք այդքան աջակցում էր, անմասն մնալ այս ամբողջ հարցերից:

Առաջին իսկ օրից, թե ԱՄՆ-ում ՀՀ  հյուպատոսարանը, թե ՀՀ կառավարությունը, պետական բոլոր մարմիններն իրենց աջակցությունն ու պատրաստակամությունն են հայտնել երգչուհու ընտանիքին: Պարզապես որոշ տեխնիկական խնդիրներ կային՝ կապված թղթաբանության և ԱՄՆ օրենքներով  երգչուհու աճյունը Հայաստան տեղափոխելու ժամկետների և կազմակերպչական հարցերի կապակցությամբ: Պետք չէ շահարկել այդ հարցը:

Կրկնում եմ, ՀՀ կառավարությունը առաջին իսկ օրից պետական հանձնաժողով է ձևավորել՝ հուղարկավորությունը հավուր պատշաճի կազմակերպելու համար: Պարզապես, հասկացեք, որ իր ընտանիքին՝ ամուսնուն և զավակներին էր նաև ժամանակ՝ պետք ծանր շոկային այդ վիճակից սթափվելու և որոշում կայացնելու համար, թե որտեղ ի վերջո կատարել իրենց ամենաթանկ մարդու՝ մոր և տիկնոջ հուղարկավորությունը:

Այդ էր պատճառը, որ կառավարական հանձնաժողովը չէր կարողանում հրապարակել ընտանիքի անդամների կայացրած վերջնական որոշումը:  Ամենայն հավանականությամբ, կառավարական հանձնաժողովը ժամկետների հետ կապված պաշտոնական հայտարարությունը վաղը կկատարի: Իսկ աճյունի տեղափոխման հարցերը դեռ վերջնականապես ճշտված չեն: Խնդրում ենք բոլոր լրատվամիջոցներին, հարգեք ընտանիքի վիշտը, հարգեք նրանց լռությունը և մի քաղաքականացրեք սիրված երգչուհու մահը, ով իր ողջ կյանքը նվիրել է հայ երգարվեստին, հայ ժողովրդին»,- ասաց Մարիա Ղուկասյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս