ԲՀԿ-ականները զգուշանում են խոսել ՀՀԿ-ի մասին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի շարք տարածքային կառույցների ղեկավարներ չեն կիսում ՀՀԿ-ական մարզպետների վստահությունը, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվելու բոլոր հնարավորություններն ունի, եթե նույնիսկ իր թեկնածությունն առաջադրի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Չհամաձայնվելով մարզպետների հետ, մեզ հետ զրույցում ԲՀԿ տարածքային կառույցների ղեկավարներն արտահայտվեցին բավական մեղմ: ՀՀԿ-ի մասին քննադատաբար խոսելու վախ կա: Իսկ դրա պատճառն այս անորոշությունն է. ԲՀԿ շարքերում չգիտեն` ի վերջո, ինչպես է իրեն դրսևորելու կուսակցությունը նախագահական ընտրություններում: Հատկապես մարզերում այս անորոշությունը ԲՀԿ-ականներին պահում է երկու քարի արանքում:

Երեկ մենք փորձեցինք խոսել ԲՀԿ-ական տարածքային կառույցների մի քանի ղեկավարների հետ:

Աբովյանի ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավար Սմբատ Եղիազարյան.

Կարդացեք նաև

– Եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջադրի իր թեկնածությունն, ինչպե՞ս եք գնահատում նրա հնարավորությունները Կոտայքի մարզում:

– Շատ բարձր, Գագիկ Ծառուկյանը միշտ էլ ծառայել է Կոտայքի մարզի ժողովրդին` իր բարեգործությամբ, իր ամենօրյա ուշադրությամբ, բնականաբար, շատ ընտրողների մոտ մեծ հարգանք ունի:

– Իսկ խորհրդարանական ընտրությունների արդյունքների համեմատ` ըստ Ձեզ, Գ. Ծառուկյանն ավելի՞ շատ քվե կստանա:

– Համեմատած խորհրդարանական ընտրություններին` շատ-շատ բարձր կլինի: Խորհրդարանական ընտրություններում մարզն առաջին տեղն ա գրավել իր ձայներով (նկատի ունի ԲՀԿ-ի ստացած ձայները.- Մ.Մ.):

– Իսկ հավանական համարո՞ւմ եք, որ Ձեր կուսակցության նախագահը կառաջադրի իր թեկնածությունը:

– Էսօր մեր ժողովուրդը պահանջում ա, որ պարոն Ծառուկյանն անպայման դնի իր թեկնածությունը, և ժողովրդի խնդրանքը պետք է կատարի:

– Այդ դեպքում ինչպե՞ս կգնահատեք ՀՀԿ-ի թեկնածուի` գործող նախագահի հնարավորությունները:

– Ընտրությունների արդյունքը ցույց կտա, և դուք կիմանաք:

– Այսինքն` ԲՀԿ թեկնածուն ավելի՞ շատ ձայն կստանա:

– Ես կրկնում եմ` ընտրությունների արդյունքից կերևա, պետք չի առաջ ընկնել:

– Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ Կոտայքում նույնպես կարող է կրկնվել Գյումրիի նախադեպը, որտեղ ԲՀԿ-ական քաղաքապետը հայտարարել է, որ սատարելու է թիվ 35 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված ՀՀԿ-ի ներկայացուցչին:

– Ես պատասխանատու եմ Կոտայքի մարզի համար, և Կոտայքի մարզին վերաբերող Ձեր բոլոր հարցերին ճիշտ պատասխանը կտամ, իսկ Գյումրիի հետ կապված բոլոր հարցերը տվեք Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին:

– Հարցը նախադեպի մասին է` արդյո՞ք հնարավոր է` ԲՀԿ-ի կողմից ՀՀԿ-ին սատարելու նախադեպը կրկնվի:

– Կոտայքի մարզում նման բան չի կրկնվի:

– Իսկ եթե Գ. Ծառուկյանը չառաջադրի՞ իր թեկնածությունը:

– Սկզբից դուք հարցրեցիք, ես էլ պատասխանեցի, որ Կոտայքի մարզի ժողովուրդը պահանջում է պարոն Ծառուկյանից, որ թեկնածությունն առաջադրի, չառաջադրվելու դեպքում` դա արդեն հարց է, բայց ես համոզված եմ, որ առաջադրելու ա:

– Իսկ ի՞նչ է այդ համոզմունքի պատճառը:

– Դե արդեն ես շատ ասացի, ուղղակի ես հիմա հիվանդանոցում եմ, չեմ կարող էլ հարցերի պատասխանել:

ԲՀԿ թիվ 33 ընտրատարածքի պատասխանատու Վարդևան Գրիգորյանն էլ նշեց, որ իրենք միշտ վստահել են իրենց կուսակցության առաջնորդին:

– Եթե ինքն առաջադրվի, ապա մեզ համար ուղեցույց կլինի, և հետագա աշխատանքները կկազմակերպենք այդ ուղղությամբ:

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետը հայտարարել է ՀՀԿ-ի թեկնածուին սատարելու մասին:

– Գիտեք, Գյումրիի քաղաքապետն իր անձնական կարծիքն է հայտնել, որովհետև «Բարգավաճը» նման որոշում չունի, և կարող է նման կարծիք արտահայտել, որովհետև ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցությունը պաշտպանեց Բալասանյանի թեկնածությունը: Ես սրանից արտառոց բան չեմ տեսնում:

– Իսկ հնարավո՞ր է` դա օրինակ ծառայի մյուս ԲՀԿ-ականներին:

– Ես Սամվել Բալասանյանի ո՛չ հոգու մեջ եմ, ո՛չ էլ ուղեղում: Ճիշտ կլինի` էդ հարցը տաք իրեն:

– Հարցս վերաբերում է նախադեպին:

– Նորից եմ կրկնում, եթե չկա որոշում, ուրեմն`ազատ է թողնված, իսկ եթե որոշում եղավ, ուրեմն` որոշումը կլինի ուղեցույց մեզ համար:

Իսկ հարցին, թե Գ. Ծառուկյանն առաջադրվելու դեպքում ի՞նչ հնարավորություններ ունի Իջևանում, Իջևանի ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավար Ժիրայր Մելիքսեթյանը պատասխանեց. «Քանի որ ստույգ չի առաջադրվել, ստույգ պատասխանել չեմ կարող»: Իսկ հարցին, թե հավանական համարո՞ւմ է, որ նա կընտրվի, Ժ. Մելիքսեթյանը պատասխանեց. «Բայց ո՞վ կարա ասի` կընտրվի՞, թե չէ՞»:

– Չգիտե՞ք, թե ԲՀԿ-ն որքան համակիր ունի:

– Իմ համար գիտեմ, բայց մնացածներին ո՞նց ասեմ: Դրա համար աշխատանք պիտի տանենք, դրա համար պիտի դնի, դրա համար պիտի մեզ ասի: Հելը ոչ մի բան չկա, ես ի՞նչ պատասխանեմ: Ես որոշմանն եմ սպասում: Մենք դեռ քարոզարշավը չենք սկսել: Մենք դեռ էդ հարցով ժողովրդի հետ չենք ընդհանրանում, ինչպե՞ս ես իրավունք ունեմ առանց պարոն Ծառուկյանի թույլտվության` նմանատիպ զրույց կատարեմ: Ես հրահանգը ստանում եմ, հետո եմ կատարում:

Հիշեցնենք, որ Կապանի ԲՀԿ տարածքային ղեկավար Կամո Աբրահամյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Գ. Ծառուկյանի թեկնածության առաջադրմանը` նշել էր, թե կուսակցության քաղխորհուրդն է որոշում` Գ. Ծառուկյանը կառաջադրվի՞, թե՞ ոչ: Ապա անդրադառնալով Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետ Սուրեն Խաչատրյանի այն պնդմանը, թե ՀՀԿ թեկնածուն միանշանակ հաղթանակ է տանելու, և դրա հավաստիքը ԱԺ ընտրություններն են, որոնց արդյունքում ՀՀԿ-ն ստացել է ընտրողների 62% ձայնը, Կ. Աբրահամյանն ասել էր. «Հա, բայց սաղ այդ թվերը լավ գիտեն: Էդ թիվը կազմեց բանակի հետ միասին»:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս