Բաժիններ՝

Հայ գիտնականների մշակած տեխնոլոգիան կարող է նպաստել երկրաշարժերի կանխագուշակմանը

Մի խումբ երիտասարդ գիտնականներ հիմնադրել են PSI ընկերությունը, որը զբաղվում է գիտական արդյունքների, տեխնոլոգիաների, նորարարությունների առևտրայնացմամբ: Նրանք փորձում են զբաղվել այնպիսի հետազոտություններով, որոնք հետաքրքրություն են ներկայացնում շուկայում: Նման մի հետազոտության վրա հիմնված տեխնոլոգիա է նոր սեյսմիկ դետեկտորը, որը կարող է էապես նպաստել երկրաշարժերի կանխագուշակմանը:

Գիտնականներն  իրենց տեխնոլոգիան  այսօր՝ նոյեմբերի 27-ին, ներկայացրեցին  ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամի հայտարարած Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում կազմակերպվող Վենչուրային կոնֆերանսի և «Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային մրցույթում: Մրցույթի արդյունքները կամփոփվեն վաղը:

Ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, PSI ընկերության հիմնադիրներից Վարդան Գևորգյանը 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ թանկ սեյսմիկ դետեկտորներ կան ամբողջ աշխարհում, որոնք, սակայն, գրանցում են հենց բուն երկրաշարժը՝ թե քանի՞ բալ ուժգնություն ուներ այն, կամ որտե՞ղ է այն գրանցվել, սակայն դրանք չեն գրանցում երկրաշարժին նախորդող պրոցեսները:

Մինչդեռ իրականում երկրի ընդերքում շատ լուրջ պրոցեսներ են տեղի ունենում երկրաշարժից օրեր կամ ամիսներ առաջ: «Օրինակ՝ սողուններն ունակ են այդ ցածր հաճախությամբ ալիքները գրանցել իրենց մաշկով և նախօրոք զգալ վտանգը: Մենք առաջարկում ենք նոր տեխնոլոգիա՝ այնպիսի զգայունության և հաճախային լայն տիրույթով, որպիսիք այսօրվա սեյսմիկ դետեկտորները չունեն»,- ասաց Վ. Գևորգյանը՝ ավելացնելով, որ նոր սեյսմիկ դետեկտորի զգայունությունը շատ բարձր է հենց ցածր հաճախությունների տիրույթում, որը շատ կարևոր է հենց երկրաշարժին նախորդող պրոցեսները գրանցելու համար:

Կարդացեք նաև

Ըստ Վ. Գևորգյանի՝ ներկայումս երկրակեղևից դուրս եկող ինչ-որ գազերի կամ քիմիական տարբեր գործընթացներով պայմանավորված մեթոդներով են փորձում երկրաշարժի որոշ նախանշանները զգալ, բայց կոնկրետ սեյսմիկ դետեկտորները կանխագուշակող որևէ հատկություն չունեն: Դրանք ընդամենը գրանցում են տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը և այլ ինֆորմացիա, որոնք ընդամենը մոնիտորինգի համար են նախանշված: «Մենք ասում ենք, որ կարող ենք սարք ստեղծել, որը հնարավորություն կտա հեռադիտակի նման տեսնել հեռուն, մենք նոր աչք ենք տալիս երկրաբաններին՝ նոր էֆեկտներ գրանցելու համար»,- ասաց Վ. Գևորգյանը՝ ավելացնելով, որ դա կարող է հիմք հանդիսանալ նոր հետազոտությունների իրականացման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս