«Մենք ուղղակի կարող ենք արձանագրել փաստ, որ տեղի ունեցածը թիրախավորված է». Քաղաքագետները՝ Արա Սաղաթելյանի կալանավորման մասին
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, անդրադառնալով ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորմանը, նշեց. «Այս ձերբակալումը քաղաքական բնույթ ունի»:
Նա հավելեց, թե դա գուցե ապացուցել չի կարող, բայց թե ինչպես է այդ ձերբակալությունը տեղի ունեցել, ովքեր են ձերբակալվել, ինչ կոնտեքստում է այդ ամենը տեղի ունեցել, ըստ նրա՝ դա ուղղակի ցույց է տալիս, որ գործը «կարված է»:
Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն էլ շեշտեց՝ չի ուզում, որ Հայաստանը դասվի այն երկրների դասին, որտեղ կա ընտրողական արդարադատություն: Նա նկատեց. «Մարդկանց մոտ նույնիսկ կարող է ստեղծվել տպավորություն, որ այն մարդիկ, որոնք երկար ժամանակ պայքարել են, կազմելով ագիտացիոն տեսանկյունից ադրբեջանական հակաահաբեկչական էական զանգվածը, հանկարծակի թիրախավորվում են:
Ասել, որ կա անարդարություն, դա դատարանի խնդիր է. մենք ուղղակի կարող ենք արձանագրել փաստ, որ տեղի ունեցածը, ըստ էության, թիրախավորված է»:
Ինչ վերաբերում է հենց Արա Սաղաթելյանին ձերբակալելու որոշմանը՝ Ալեքսանդր Մարկարովը նշեց, որ և՛ վերլուծաբանները, և՛ լրագրողները գիտեն, թե ինչ լրջագույն աշխատանքներ է իրականացրել նա հակաադրբեջանական քարոզչության ուղղությամբ:
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել:
Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ էին արձակվել, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը, Արամ Սարգսյանը ձերբակալվել էին։ Մհեր Ավագյանն ու Կարեն Բեքարյանն այնուհետև ազատ են արձակվել, Արամ Սարգսյանն ու Արա Սաղաթելյանը՝ կալանավորվել։
Այս գործի մանրամասների վերաբերյալ ԱԱԾ-ն հայտարարությամբ էր հանդես եկել. «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Ա.Ս.-ն, զբաղեցնելով պետական բարձր պաշտոններ, կարողացել է պաշտոնի բերումով հեղինակություն և ազդեցություն ձեռք բերել հակաիշխանական հայացքներ ունեցող այլ անձանց շրջանում և օգտագործելով իր ազդեցությունը, ունեցած կապերը, նպատակ ունենալով կատարելու մի քանի հանցանքներ` ստեղծել է կազմակերպված կայուն խումբ, որի կազմում ընդգրկել է գործընկերոջը՝ Կ.Բ.-ին, վարորդին՝ Մ.Ա.-ին, Ա.Ս.-ին և իր հետ ամուր կապերի մեջ գտնվող ինքնությունը չպարզված այլ անձանց, որից հետո իրենց առջև դրված նպատակներին հասնելու համար, անհրաժեշտ կազմակերպվածությամբ, խմբի անդամների ջանքերի միավորմամբ, պլանավորել են կատարել մի քանի հանցանքներ, իսկ իրենց գործողությունները քողարկելու, չբացահայտվելու և հանցանքի կատարումը դյուրին դարձնելու համար, խմբի անդամների ջանքերի համաձայնեցվածությամբ www.facebook.com սոցիալական ցանցում ստեղծել են «Gagik Soghomonyan» կեղծ էջ, ապա նախապես մշակված ծրագրի համաձայն՝ ապահովել են հիշյալ համատեղ մշակված կեղծ էջի հասանելիությունը խմբի անդամների համար՝ պլանավորելով նույնիսկ խմբի որևէ անդամի հնարավոր բացահայտման դեպքում խմբի մյուս անդամների կողմից «Gagik Soghomonyan» կեղծ էջով նույն ժամանակ պարբերաբար հրապարակումներ կատարելու և այդ կերպ խմբի մյուս անդամների այլուրեքությունն ապահովելու հանգամանքը»: