Մարզպետը նաև հսկիչ է
«Սյունիքի մարզում «Բարգավաճի» մեծ մասը սատարելու ա Հանրապետականի թեկնածուին` մեր նախագահին: Ուզում եմ դուք էլ հաշվի առնեք, որ հանրապետության նախագահը, ի վերջո, սյունեցի ա»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը` պատասխանելով հարցին, թե` ինչպե՞ս է գնահատում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հնարավորությունները, եթե նա առաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում:
Իսկ հարցին էլ, թե ԲՀԿ-ի կողմից մարզի ակտիվի հետ հանդիպումները կարո՞ղ են փոխել ընտրողների տրամադրությունները, Ս. Խաչատրյանը պատասխանել է. «Ի՞նչ հանդիպում, ի՞նչ տրամադրություն: Իրանց գործն է, դե թող հանդիպեն, դա ի՞նչ ա խանգարում: Համոզված եմ, որ հանրապետական թեկնածուն` ի դեմս մեր նախագահի, բավականին մեծ տարբերությամբ կարող է հաղթել»:
Այսպիսով, Սուրեն Խաչատրյանը գրեթե ուղղակիորեն հասկացնում է, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից ՀՀԿ-ական Արման Սահակյանին սատարելու նախադեպը կարող է կրկնվել նաև Սյունիքում` նախագահական ընտրությունների ժամանակ:
Այս «ուղերձի» ենթատեքստը շատ պարզ է` որքան էլ ԲՀԿ-ն ցուցադրում է իր «հզորությունը», իր 500 հազար ձայները, դրանք տեղերում այլ տնօրինողներ կան: Այսպիսով, Շիրակի ու Սյունիքի մարզում այդ «ստատուս-քվոն» արձանագրվեց: Հետաքրքիր է` ո՞րն է լինելու հաջորդը:
«168 ԺԱՄ»