Բաժիններ՝

Ֆիլիպինների ԱԳ նախարարը հայտարարել է «իր կյանքը «Սպուտնիկ V»-ին վստահելու» պատրաստակամության մասին

Ֆիլիպինների ԱԳ նախարար Տեոդորո Լոկսինը հայտարարել է, որ պատրաստ է «իր կյանքը վստահել» կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութին։

«Ես հնարավոր ամեն բան կանեմ, որպեսզի «Սպուտնիկ V»-ն հայտնվի (երկրում): Դա միակ պատվաստանյութն է, որին ես կվստահեմ իմ կյանքը: Lancet-ում մեկնաբանությունն սպառիչ է»,-նախարարը գրել է Twitter-ի իր օգտահաշվում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆիլիպինները հույս ունի ձեռք բերել 148 մլն չափաբաժին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ՝ 2021 թվականին առնվազն 50 մլն քաղաքացու պատվաստելու համար: Ֆիլիպինյան կարգավորիչն ավելի վաղ լիցենզավորման խնդրագիր էր ստացել ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի շտապ օգտագործման համար:

Ավելի վաղ Ֆիլիպինների սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի սանիտարական հսկողության վարչությունը (FDA) հավանություն էր տվել կորոնավիրուսի դեմ Pfizer եւ BioNTech ընկերությունների, ինչպես նաեւ AstraZeneca դեղագործական ընկերության պատվաստանյութերի օգտագործմանը:

Անցած շաբաթ Ֆիլիպիններում ՌԴ դեսպան Մարատ Պավլովը ՌԻԱ Նովոստիին հայտարարել է, որ COVID-19-ի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի՝ այդ երկիր մատակարարումների շուրջ բանակցություններն ընթանում են դրական ոգով: Ավելի վաղ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել էր, որ Ֆիլիպինները, ինչպես նաեւ Հնդկաստանը կարող են առաջիկայում հավանություն տալ կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութի կիրառմանը: Lancet գիտական հանդեսը փետրվարի 2-ին հրապարակել է «Սպուտնիկ V»-ի կլինիկական հետազոտությունների երրորդ փուլի արդյունքները, որոնք հաստատում են դրա բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը:

Կլինիկական հետազոտությունների երրորդ փուլի ընթացքում «Սպուտնիկ V»-ն արձանագրել է արդյունավետության, իմունոգենության եւ անվտանգության բարձր ցուցանիշներ. պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 91,6 տոկոս: Այն լիակատար պաշտպանություն է ապահովում նոր կորոնավիրուսային վարակով հիվանդության ծանր դեպքերից: «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառմանն արդեն հավանություն է տվել ավելի քան 20 երկիր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս