Ռուսաստանի հայերն ու ադրբեջանցիները պայմանավորվել են համագործակցել
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը և Ռուսաստանի ադրբեջանցիների «ԱզերՌոս» դաշնային ազգային մշակութային ինքնավարության նախագահ Սոյուն Սադիկովը համագործացության համաձայնագիր են ստորագրել:
Այս համաձայնագիրն աննախադեպ է այնքանով, որ հայերը և ադրբեջանցիները հայտարարում են, որ դադարեցնելու են ազգային թշնամանքի հրահրումը, փորձելու են համատեղ միջոցառումներ անցկացնել և վերականգնել բարիդրացիական հարաբերությունները: Ռուսաստանում են ապրում ամենամեծ հայկական և ադրբեջանական համայնքները և եթե այս փորձը հաջողություն ունենա, այն կարող է դրականորեն ազդել նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վրա:
Մնում է տեսնել, թե ինչպես այս նախաձեռնությանը կվերաբերվեն Ադրբեջանի իշխանությունները և այդ երկրի նախագահը: Հնարավոր է, որ նրանք իրենց հայրենակիցներին մեղադրեն դավաճանության մեջ, ովքեր համարձակվել են համագործակցության մասին խոսել «օկուպանտ» հայերի հետ: Ներկայացնում ենք ստորագրված համաձայնագիրն ամբողջությամբ,մնացած եզրահանգումները թողնելով մեր ընթերցողներին:
«Մենք Ռուսաստանի հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներս հանդիսանում ենք մեկ ընդհանուր երկրի քաղաքացիներ-ռուսաստանցիներ, ում միավորում է քաղաքացիական ընդհանրությունը, ռուսական քաղաքակրթությունը, հասարակությունում ազգամիջյան խաղաղությանը և ներդաշնակությանը համատեղ ամրապնդելու ձգտումը: Ազգային հարցը հիմնարար նշանակություն ունի Ռուսաստանի ապագայի համար: Ազգային հարցի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը պետությունից և հասարակությունից պահանջում է համատեղ ջանքեր, շարունակական երկխոսություն, տարբեր ազգությունների ներկայացուցիչների միջև բարեկամության և համագործակցության լավագույն ավանդույթների պահպանում և ամրապնդում:
Ադրբեջանցիները և հայերը դարեր շարունակ ապրել են կողք կողքի և մեր հանրապետությունների միջև առկա են եղել բարիդրացիական հարաբերություններ: Ցավոք, արդեն երկու տասնամյակ երկու երկրների միջև առկա են տարաձայնություններ, կապված Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ, ինչը բացասաբար է ազդում մեր պատմական Հայրենիքների ընդհանուր վիճակի և տարածաշրջանային անվտանգության վրա:
Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ կապված բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի հիման վրա, և հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը: Այդ խնդրի լուծումը մեր պատմական Հայրենիքների ժողովուրդների և իշխանությունների անառարկելի իրավասության տիրութում է:
Մենք բացարձակապես անընդունելի ենք համարում վերոնշյալ հակամարտության թշնամանքի և ագրեսիվության տարրերի ներմուծումը Ռուսաստանի հայ և ադրբեջանցի համայնքների հարաբերություններ: Մաժամանակ ուզում ենք նշել ինտենսիվ և արդյունավետ միջհամայնքային երկխոսություն վարելու անհրաժեշտությունը: Որպես Ռուսաստանի քաղաքացիներ և հասարակայնության ներկայացուցիչներ մեր խնդիրն է լինել «հանրային դիվանագիտության» իրականացնողներ: Մեր ընդհանուր պարտքն է փոխադարձ հարգանքի ոգով կրթել հայ և ադրբեջանցի երիտասարդ սերունդների:
Մենք հավատում ենք, որ երկու կազմակերպությունների միջև մշակույթի, կրթության, սպորտի բնագավառում մշտական շփումների հաստատումը կնպաստի ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակեցմանը, ռուսական հասարակության միասնությանն ու կայունությանը, ծայրահեղականության և քսենոֆոբիայի կանխմանը, ինչպես նաև դրական ներդրում կունենա մեր ժողովուրդների և երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացում:
Ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման համար ՌՀՄ-ն և «Ազերռոս»-ը որոշեցին.
1. ՌՀՄ-ի և «Ազերռոս»-ի հիմքի վրա ստեղծել մշտական գործող աշխատանքային հանձնաժողով, որը պարբերաբար կանդրադառնա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին: Այս հանձնաժողովի խնդիրներից է. մշակել և քննարկել համատեղ գործողությունների ծրագիր, կազմակերպությանների ղեկավարությանը առաջարկել որոշումների նախագծեր, արագ արձագանքել մեր համայնքների անդամների միջև ծագած հնարավոր միջադեպերին, հակամատության խորացումը կանխելու և բացասական հետևանքներից խուսափելու նպատակով:
2. Մշակույթի, կրթության և սպորտի բնագավառում, ամեն եռամսյակ, Մոսկվայում կազմակերպել հանրային նշանակության միջոցառումներ: Անցկացվող միջոցառումները պետք է նպաստեն մեր համայնքների միջև բարի ավանդույթների վերկանգնմանը և մեր ժողովուրդների մշակութային ձեռբերումների փոխադարձ ճանաչմանը: Մենք պետք է ձգտենք այս գործելաոճը ներդնենք ողջ Ռուսաստանի տարածքում, որտեղ մեր կազմակերպությունները ունեն տարածքային ստորաբաժանումներ:
3.Համատեղ խնդրանքով դիմել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին, որպեսզի նրանք աջակցեն Ռուսատանում (Սոչի) հայ-ադրբեջանական մշակութային երկխոսության շաբաթի անցկացմանը, որին կմասնակցեն հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական միությունների, երիտասարդական խմբերի ներկայացուցիչներ`50 ական ներկայացուցիչ յուրաքանչյուր կողմից: Այս ֆորումի շրջանակներում կազմակերպել միջոցառումներ և ստեղծագործական մրցույթներ, որոնց նպատակը կլինի պատվիրակությունների անդամների մասնակցությամբ գտնել մերձեցման և վստահության ուղիներ, հիմնված փոխադարձ հարգանքի վրա: Նման միջոցառումների անցկացումը, կարող է ստեղծել նոր հարթակ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման համար
4. Պարտավորություն վերցնել հրապարակային բառապաշարում և ենթակա լրատվամիջոցների հրապարակումներում բացառելու միմյանց հանդեպ «թշնամանքի լեզուն»: Կոչ անել հայրենակիցներին միմյանց նկատմամբ չսերմանել ատելություն, չիրականացնել ոտնձգություններ և այլ ապօրինի գործողություններ:
Ընդունելով վերոնշյալ որոշումը, մենք ելնում ենք այն հանգամանքից, որ Ռուսաստանի հայերը և ադրբեջանցիները պետք է իրենց ավանդը ներդնեն մեր ժողովուրդների և պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատման գործում, և իհարկե նպաստեն ռուսաստանյան հասարակության մեջ քաղաքացիական խաղաղության և համաձայնության ամրապնդմանը»:
Պատրաստեց Ավետիս Բաբաջանյանը