Պատի փլուզման հետևանքով 79-ամյա կինը մահացել է (լուսանկարներ)
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, Ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի նախկին Պիոներների, այժմյան Պետրոս Դուրյան փողոցի 12 շենքի բակում պատի փլուզում է տեղի ունեցել և փլուզման տակ կնոջ դի կա:
Նշված հասցե են մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանի, պետի տեղակալ Սահակ Մկրտչյանի գլխավորությամբ: Ոստիկանների ահազանգով ժամանել են նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզի փրկարար վարչության Հրազդանի հրշեջ փրկարարական խումբը:
Ինչպես Կոտայքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նշված շենքի բնակիչ, 79-ամյա Մարգուշա Հայրապետյանը իր և ամուսնու կողմից երկար տարիների ընթացքում ստեղծած շենքի բակի այգում փորձել է կտրել ծառի ճյուղերը՝ հենվելով իրենց կողմից կառուցված պատին: Արդյունքում պատը փլուզվել է և Մ. Հայրապետյանը մնացել է փլատակների տակ:
Փաստի առթիվ Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Արման Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
shamshyan.com