Կոմունիկացիաների բացման համար Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փորձագիտական ենթախմբերի միջև հանդիպում է կայացել

Հունվարի 30-ին Մոսկվայում կայացել էր Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպումը:

Տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման հետ կապված հարցերի քննարկման արդյունքում որոշում էր կայացվել ստեղծել փորձագիտական ենթախմբեր՝ երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով և փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի հսկողության հարցերով: Ենթահանձնախմբերի ձևավորման համար վերջնաժամկետ սահմանվել էր փետրվարի 2-ը, իսկ առաջին նիստը պետք է անցկացվեր մինչև փետրվարի 5-ը:

Նիկոլ Փաշինյանի՝ փետրվարի 4-ի որոշմամբ եռակողմ աշխատանքային խմբի հայկական կողմի աշխատանքների համակարգման նպատակով ստեղծված հանձնաժողովի նախագահ է նշանակվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, հանձնաժողովի կազմում են ԱԳՆ փոխնախարար Արմեն Ղևոնդյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, ՊՆ ԳՇ-ի  օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ Էդվարդ Ասրյանը, ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման վարչության պետի տեղակալ Ս. Սարգսյանը և  ԱԳՆ Եվրասիական տարածաշրջանի վարչության Ռուսաստանի բաժնի պետ Արթուր Գրիգորյանը:

Նույն որոշմամբ սահմանվել են նաև երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով աշխատանքային ենթախումբ և փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի հսկողության հարցերով աշխատանքային ենթախումբ։ 

168.am-ը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատակազմից հետաքրքրվեց՝ արդյոք ըստ նախապես սահմանված ժամկետի՝ հանդիպումներ եղե՞լ են, ի՞նչ հարցեր են քննարկվել և ի՞նչ որոշումներ են կայացվել:

Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը 168.am-ին հայտնեց, որ երեք կողմերի փորձագիտական ենթախմբերի միջև հանդիպումը կայացել է:

Հանդիպման ընթացքում քննարկված հարցերի, ինչպես նաև արդյունքում կայացված որոշումների վերաբերյալ հարցմամբ դիմել ենք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ: Հարցման պատասխանը ստանալուն պես այն կհրապարակենք:

Տեսանյութեր

Լրահոս