«Մի գյուղում երեք դրոշ է դրված, կարո՞ղ եք պատկերացնել` դա ինչ է». Հին Շենի գյուղապետ
Նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո, դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինուժը հարձակումներ էր գործել Արցախի մի քանի գյուղերի վրա, նրանց հաջողվել էր իր վերահսկողության տակ վերցնել Թաղավարդը, Խծաբերդը, նաև շրջափակել էին Շուշիի շրջանի Հին Շենի ճանապարհը, գյուղում այդ պահին եղել էին բնակիչներ։
Միայն դեկտեմբերի 16-ին էր ապաշրջափակվել Հին Շենի ճանապարհը։
168.am-ի հետ զրույցում Հին Շենի ղեկավար Սամվել Սարգսյանն ասաց, որ այդ միջադեպից հետո ադրբեջանական զինուժը գյուղի ուղղությամբ այլ սադրանքների չի դիմել, բայց միայն այն, որ թշնամին գյուղի մոտակայքում է դիրքավորվել, արդեն իսկ սադրանք է։
«Ինչպես Արցախի այլ վայրերում է, այնպես էլ այստեղ՝ նույն իրավիճակն է։ Բնակիչները դեռ լրիվությամբ չեն վերադարձել գյուղ։ Դե, պատերազմից հետո գյուղում գազը, էլեկտրաէներգիան վերականգնվել են։
Այդ միջադեպից հետո ադրբեջանական կողմը սադրանքի չի դիմել, բայց մեր գյուղի վերևում՝ մեզ կպած, դիրքավորվել են, այնտեղ պոստեր են պահում։ Կարևոր չէ, թե քանի մետր հեռավորության վրա են, եթե այստեղ են, ուրեմն այստեղ են, էլի։ Մի գյուղում երեք դրոշ է դրված՝ ադրբեջանական, հայկական և ռուսական, կարո՞ղ եք պատկերացնել՝ դա ինչ է»,- ասաց Սամվել Սարգսյանը։
Ինչ վերաբերում է Հին Շենում եղած առաջնային խնդիրներին, համայնքի ղեկավարը նշեց. «Մեզ համար առաջնայինը մեր անվտանգությունն է՝ բնակիչների, երեխաների համար։ Մենք գույքի կամ այլ բանի կարիք չունենք, թող տան նրանց, ով դրա կարիքն ավելի շատ ունի, մեզ համար անվտանգության ապահովումն է առաջնայինը»,- եզրափակեց Սամվել Սարգսյանը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։
Եռակողմ համաձայնագրի արդյունքում նաև՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ: