«Երիտասարդ, գեղեցիկ կին եք, մտածեք Ձեր ապագայի մասին». Խաչատուրովը՝ դատավորին

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստի ընթացքում, երբ քննվում էր դատավոր Աննա Դանիբեկյանին բացարկ հայտնելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը, գործով ամբաստանյալ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովը դատավոր Աննա Դանիբեկյանին հորդորեց մտածել իր ապագայի մասին ու ինքնաբացարկ հայտնել:

«Հարգելի դատարան, ես մի փոքր զարմացած եմ: Իսկապես չկա՞ն մեր երկրում Ձեզ նման այլ դատավորներ կամ ավելի ենթարկվող դատավորներ: Իրականում մենք մեծ ռիսկի ենք դիմում՝ Ձեզնից ինքնաբացարկ պահանջելով:

Այս կապակցությամբ խորհուրդ եմ ուզում Ձեզ տալ: Ես Ձեզնից տարիքով մեծ եմ ու Ձեզ ուզում եմ խնդրել, որ երբ գնաք խորհրդակցական սենյակ, ես չգիտեմ՝ այնտեղ հայելի կա՞, թե՞ ոչ, եթե չկա, կարգադրիչներին հրահանգեք բերել, հանեք դիմակը, նայեք հայելու մեջ և հիշեք Էրիկ Ալեքսանյանի խոսքերը: Նա Ձեզ ասել է՝ «մենք Ձեր դեմ քրեական գործ հարուցելու միջնորդություն ենք ներկայացրել», և ասացեք Ձեզ՝ «փաստացի քրեական հանցագործություն կա (բժկական գաղտնիքի հրապարակում։– Ա․Հ․), և ես դա կատարել եմ, դա այդպես է, ու ես դատում եմ Էրիկ Ալեքսանյանի պաշտպանյալին, կարո՞ղ եմ ես անաչառ լինել»:

Չնայած կարծում եմ՝ դա գրեթե անհնար է, հնարավոր է՝ Դուք հանկարծ որոշեք հեռանալ այս գործից և դադարեք լինել մեր դատավորը, հնարավոր է: Եթե դրանից հետո դատախազությունը խիստ նեղանա Ձեզնից, ու Ձեր դեմ այդ քրեական գործը այնուամենայնիվ հարուցվի, ես անգամ պատրաստ եմ խնդրել իմ փաստաբանին, որպեսզի նա Ձեզ պաշտպանի: Անկեղծ եմ ասում:

Դուք երիտասարդ, գեղեցիկ կին եք, մտածեք Ձեր ապագայի մասին: Առողջ եղեք»,- իր դիրքորոշումը ներկայացնելով՝ ասաց Յուրի Խաչատուրովը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728