«Արցախից Հայաստան եկած մարդիկ չունեն կարգավիճակ, ասում ենք՝ փախստականներ, բայց իրենք չունեն փախստականի կարգավիճակ». Արման Ղուկասյան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Հանուն սոցիալական արդարության» ՀԿ ղեկավար Արման Ղուկասյանը հորդորեց քաղաքական պայքարի մեջ չմոռանալ Արցախից Հայաստան եկած և Արցախում մնացած, բայց պատերազմից տուժած հայերի մասին:

«Ամենակարևոր խնդիրներից մեկն այն է, որ այս մարդիկ չունեն կարգավիճակ, մենք ասում ենք՝ փախստականներ, բայց իրենք չունեն փախստականի կարգավիճակ: Այս մարդիկ ասում են՝ կա՛մ մեզ տվեք փախստականի կարգավիճակ, մենք թողնենք գնանք ԱՄՆ, եվրոպական երկրներ, որտեղ այդ կարգավիճակով կընդունեն ու կօժանդակեն, կա՛մ կոնկրետ այստեղ օժանդակեք, մենք ուզում ենք մնանք Հայաստանում, չենք ուզում գնանք, հստակ ասեք, թե ինչ ենք անելու»,- ասաց Ղուկասյանը:

Նա նաև պատմեց, որ թոշակառուներին 68.000 դրամն ամբողջությամբ չեն տրամադրում:

«68.000-ից հանում են թոշակի չափը և մարդկանց տալիս են այնքան գումար, որքան մնում է: Այսինքն՝ թոշակը ներառել են այս գումարի մեջ: Աբսուրդ է, ձեռք առնել է: Ուզում եմ, որ Նիկոլ Փաշինյանը, ով ԱԺ ամբիոնից կանգնում մատը թափ տալով բաներ է խոսում, առաջին հերթին այս մարդկանց մասին մտածի: Էս մարդկանց հումանիտար հարցերով զբաղված են ռուս խաղաղապահներն Արցախում, նրանք կատարում են գործառույթներ, որն իրենց ֆունկցիաների մեջ չի մտնում»,- ասաց Ղուկասյանը:

Տեսանյութեր

Լրահոս