ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ցինիկաբար հանրային առևտուր է սկսել. Արմեն Աշոտյան

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր պատերազմի օրերին, հարցազրույց է տվել՝ ներկայացնելով իր տեսակետները 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցածի մասին: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով այդ հարցազրույցին, ասաց, որ Դավիթ Տոնոյանը միայն երկու դեպքում պետք է դիմեր հանրությանը:

«Դավիթ Տոնոյանը կարող էր հանրային խոսք ասել միայն երկու դեպքում, եթե ուղիղ եթերում ծնկաչոք ներողություն էր խնդրելու ժողովրդից, հազարավոր ընտանիքներից, որոնք երեխեք կորցրին՝ գիտակցելով այս ամենի պատասխանատվությունը, երկրորդը՝ ուղիղ եթերում բացահայտելով իր և դավադիր ստահակի միջև եղած բոլոր գործարքները, երևույթները, խոսակցությունները, որոնք բերել են պատերազմը և որոնք պատերազմի ժամանակ պայմանավորել են այս արյունալի արդյունքը: Դավիթը երկու բան ունի ասելու այս հանրությանը՝  ծնկաչոք ներողություն և բացահայտումներ Նիկոլի մասին, ուրիշ ոչ մի բան Դավիթից մեզ հետաքրքիր չէ»,- ասաց Աշոտյանը:

Հարցազրույցում Դավիթ Տոնոյանի հնչեցրած այն միտքը, թե քաղաքական մելամաղձը սպառնում է մեր ժողովրդին, Աշոտյանը «լոլո» որակեց:

«Այդ «լոլոները», վստահ եմ, ոչ մեկին պետք չեն: Ես երևի հասկանում եմ իրեն, կարելի է փորձել հասկանալ, դիագնոզ դնել, ոչ բոլորի համար է Արցախյան պատերազմն ավարտվել այնքան շահեկանորեն, որքան Դավիթ Տոնոյանի համար, կան մարդիկ, ովքեր հայրենիք ու բալեք են կորցրել: Երևի տենց մեծ-մեծ փրթելու հիմքում ընկած է այն փաստը, որ, ըստ օդում կախված բազմաթիվ լուրերի, Դավիթ Տոնոյանի համար այս 2.5 տարիները և այս պատերազմը շահեկան են ավարտվել: Երկրորդը՝ պատահական չեմ համարում, որ այդ մարդը հիմա որոշեց խոսել, որովհետև հիշում եք՝ պատրոն Դավիթ կոչվող մարդու նկատմամբ բազմաթիվ սկանդալներից հետո ինչ-որ քրեական գործերի թեմա գնաց, ես կարծում եմ, որ Պաշտպանության նախկին նախարարը հանրային խոսքով լսացնում է նաև Նիկոլին, որ ես կամ, և եթե «պատրոն Դավիթի» գործում փորձեք ներառել նաև ինձ, ես կսկսեմ խոսել: Ինքն այնտեղ շեշտում է, որ ԳՇ պետի հետ միասին են քննարկել, այդ հայտարարությունների հետ համաձայն էին: Սա նաև որոշակի նախազգուշացում էր սրիկա Փաշինյանին, որ ես կարող եմ խոսել, այսինքն՝ նախկին նախարարը մտել է հանրային առևտրի մեջ շատ ցինիկաբար»,- ասաց Աշոտյանը և հարց ուղղեց Դավիթ Տոնոյանին, թե ինչո՞ւ են պատերազմի ընթացքում  առգրավել իր հեռախոսը հենց տվյալ ժամանակահատվածում՝ դեռևս  պաշտպանության նախարար Տոնոյանի հրամանով:

«Ահա՝ ինչով է զբաղվել Պաշտպանության նախարարը պատերազմի ժամանակ»,- ասաց Աշոտյանը:

Տեսանյութեր

Լրահոս