Առողջապահության նախարարը՝ ամուսնու՝ «Ռեմա»-ի քարոզիչ լինելու և Արսեն Թորոսյանի հետ բիզնես շահեր ունենալու լուրերի մասին
«Իմ ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, որևէ ձևով ընդգրկված չէ «Արֆարմացիա» ընկերության կառավարման մեջ և որևէ բիզնես շահ չունի»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե՝ մամուլը գրեց, որ ձեր ամուսինը բիզնես շահեր ունի նախկին նախարար Արսեն Թորոսյանի հետ:
Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, թե արդյոք ինքը կամ ընտանիքի որևէ անդամ փայաբաժին ունի՞ նշված ընկերությունից.
«Ես չունեմ փայաբաժին, ամուսինս չունի փայաբաժին, մայրս այո, ունի փայաբաժին, փոքր փայաբաժին ունի: Որևէ շահերի բախում չեմ տեսնում, որովհետև Առողջապահության նախարարությունը, ինչպես բոլոր գերատեսչությունները, առաջնորդվում է գնումների մասին օրենքով, և մրցույթի միջոցով մասնակցում են մի շարք ընկերություններ»:
Լրագրողներն Ավանեսյանից հետաքրքրվեցին, թե արդյոք ճի՞շտ է տեղեկությունը, որ նրա ամուսինը «Ռեմա» աղանդի քարոզիչներից է:
«Կրոնի ազատությունը սահմանադրությամբ անքակտելի իրավունք է, նշեմ, որ ամուսինս չի հանդիսանում քարոզիչ, և այդքանը»,- պատասխանեց նորանշանակ նախարարը, իսկ ճշտող հարցին, թե այնուամենայնիվ «Ռեմա» աղանդի ներկայացուցիչ է, քանի որ իր մասնակցությամբ տեսահոլովակ էլ կա համացանցում, նախարարը չմեկնաբանեց:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 18-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից և մեկ այլ որոշմամբ նշանակվեց վարչապետի աշխատակազմի ղեկավար: Առողջապահության նախարարի պաշտոնում Արսեն Թորոսյանին փոխարինեց Անահիտ Ավանեսյանը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերոջ կինն է, նա մասնագիտությամբ իրավաբան է, քաղաքացիական իրավունքի մասնագետ: