«Եթե նույնիսկ Նիկոլի ժամանակ մենք պատերազմում ունենայինք հաջողություն, նորից պետք է ինքը հրաժարական տար». Հակոբ Ավետիքյան
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի երկակի գործակալ լինելու մասին պնդումներին, ասաց, որ «բացահայտումը» միակողմանի է, քանի որ թուրքական կողմի գործակալ լինելու մասին համոզիչ ապացույց չկա:
«Եթե միայն մեր գործակալն է, ապա այս առիթով ամերիկացիները մի լավ խոսք ունեն՝ «նա սրիկա է, բայց մեր սրիկան է, մեր շուն-շանորդին է»: Այստեղ որևէ խնդիր ես չեմ տեսնում»,- ասաց Ավետիքյանը և հիշեց, որ դավաճանության դեպքեր մեր պատմությունն ամեն դեպքում էլի է տեսել:
Ավետիքյանի կարծիքով՝ մեր դիմադրողականությունը՝ որպես պետություն, զրո է, ավելին՝ ներկա պահին մենք պետություն չունենք: Նրա պնդմամբ՝ սա է նաև պատճառներից մեկը, որ գերիների խնդիրը չի լուծվում: Ավետիքյանը հիշեցրեց Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ հայկական կողմը գերիների ցուցակը թերի է ներկայացրել:
«Երբ դու վավերական ահաբեկիչներին վերադարձնում ես և մեզ խաբում ես մեկ ամբողջ շաբաթ «բոլորը՝ բոլորի դիմաց» արտահայտություններով, ուրեմն դու չես կարողանում, ապիկար ես: Ես դեռ չեմ գնում դեպի դավաճանության վարկածը, որովհետև դրա համար իրեղեն ապացույցներ են պետք, բայց դավաճանությունը, վստահ եմ, եղել է, որովհետև այնպիսի անհեթեթ իրավիճակներ են եղել»,- ասաց Ավետիքյանը:
Նա նաև հիշեցրեց, որ մինչև պատերազմը սկսվելը զգուշացվել էր, որ մեր դեմ պատերազմ է սկսվելու, Ադրբեջանին միանալու է Թուրքիան՝ իր բոլոր ռեսուրսներով:
«Եթե նույնիսկ Նիկոլի ժամանակ մենք ունենայինք հաջողություն պատերազմում, նորից պետք է ինքը հրաժարական տար՝ և՛ նրա համար, որ բերեց պատերազմի, և՛ չկշռադատելու համար»:
Ավետիքյանը նաև պնդեց, որ այսուհետ պետք է բարձրաստիճան պաշտոնյա դառնալուց առաջ մարդիկ բժշկական փորձաքննություն անցնեն:
«Կարծում եմ, որ այսուհետև մենք պետք է սահմանադրական օրենք ունենանք, որով բարձաստիճան պաշտոնյաները՝ նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ և այլք, իրենց հոգեկան, մտային վիճակի մասին բժշկական հանձնաժողովի փորձաքննություն անցնեն: Մանրամասն պետք է տեսնենք այդ մարդու կենսագրությունը, գենետիկ ժառանգությունը, որից հետո նոր թույլ տանք, որ նա թեկնածու դառնա կարևոր պաշտոնի»,- ասաց Ավետիքյանը:
Խմբագիրը պատմեց, որ Արցախում ադրբեջանցիներն առևտուր են անում, բայց տեղացիների պնդմամբ՝ ինքնավստահություն չունեն:
«Վայ այն ժամանակ, երբ ժողովուրդը կթողնի և կգնա, այն ժամանակ մենք կկորցնենք Արցախը»:
Ինչ վերաբերում է Հայաստանի ապագային՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Ավետիքյանն ասաց.
«Իրեն պետք է ցույց տրվի, որ ինքը լուսանցքի վրա է, և ժամանակն է այդ լուսանցքից էլ դուրս գալու»: