«Ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին վարորդներին վիզը կտրելու ազդանշան են տալիս». Իվետա Տոնոյան
«Օրակարգում շուրջ 5 տասնյակ հարցեր են ընդգրկված, սակայն հետպատերազմյան հայաստանյան խորհրդարանում տրամաբանական հարց է առաջանում, թե այս գերհագեցած օրակարգի հարցերից ո՞րն է, որ արտացոլում է այն խնդիրները, որոնք այսօր ծառացած են մեր հասարակության և մեր պետության առջև»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Պատգամավորի խոսքով՝ այսօր օրակարգում չկա ներառված որևէ հարց, որը վերաբերում է Արցախից Հայաստան եկած մեր հայրենակիցների խնդիրներին, ռազմագերիների վերադարձին, անհետ կորածների ճակատագրին, Սյունիքի անվտանգությանը.
«Որևէ հարց այս օրակարգում չկա ներառված, որը կարող է այս կամ այն չափով թոթափել մեր երկրի առջև ծառացած խնդիրները: Փոխարենը կա հարց՝ ավտոկայանատեղիներին վերաբերող, հոգեկան առողջության խնդիրներին վերաբերող, նույն տրամաբանությամբ, ասենք՝ տիզերագնացության զարգացման կամ ռնգեղջյուրների պոպուլյացիային վերաբերող օրենսդրական նախաձեռնություն թող կառավարությունը բերեր խորհրդարան: Դուք հասկանո՞ւմ եք, որ այս կառավարությունն իր ղեկավարի գլխավորությամբ այլևս սպառել է իրեն տրված լեգիտիմությունը, այլևս չունի որևէ օրակարգ, որով կարող է գալ խորհրդարան և ներկայացնել հասարակությունն ու նրա շահերը: Եթե այս ամենը չի հասկանում իշխանությունը և խորհրդարանական մեծամասնությունը, ապա դա իրոք ողբերգություն է»:
Իվետա Տոնոյանն անդրադարձավ նաև ԲՀԿ-ական պատգամավորների՝ Սյունիքի մարզ այցելությանը, որոշ մանրամասներ հայտնեց, ապա դիմեց «Իմ քայլ»-ի պատգամավորներին.
«Գնացեք Սյունիքի մարզ, գնացեք ու տեսեք, թե ինչ վտանգնեևրի տակ են ապրում մեր հայրենակիցները: Մի գիշերվա մեջ Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթից հետո Սյունիքի մարզի մի քանի տասնյակ համայնքներ դարձան սահմանամերձ և այսօր ամեն օր ապրում են ադրբեջանցի զինվորների նշանառության տակ: Ադրբեջանցի զինվորները Գորիս-Կապան ավտոճանապարհին ավտոմեքենաների վարորդներին վիզը կտրելու մասին ազդանշաններ են ցույց տալիս, Որոտանի ու Շուռնուխի բնակիչներն ամեն օր կանգնած են ադրբեջանցիների նշանառության տակ: Գնացե՛ք Սյունիքի մարզ, շփվեք այնտեղի բնակչության հետ և կտեսնեք, թե որն է իրականությունը, այլ ոչ թե կառավարության ստեղծած ֆեյք ֆեյսբուքյան իրականությունը»: