«Ես, իմ կուսակցությունն իշխանության չենք ձգտում, բայց Նիկոլը հեռանալու է». Էդուարդ Շարմազանով

Հայրենիքի փրկության շարժումը շարունակում է հանդիպումները  Հայաստանի Հանրապետության մարզերում: Մարզային առաջին այցելությունը երեկ էր՝ Գյումրիում, իսկ այսօր՝ Վանաձորում:

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը Վանաձորում 168.am-ի  հարցին ի պատասխան՝ ներկայացրեց, թե որն է մարզային այցերի հիմնական նպատակը:

«Խնդիրը մեկն է՝ հանդիպել մեր ժողովրդի հետ, ներկայացնել իրավիճակը և հասնել ընդհանուր հայտարարի, որ օր առաջ ազատվենք այս հողատու իշխանությունից, հողատու արարածից, որի պատճառով ու մեղքով՝ երեկ Ալիևն ու իր կինը ադրբեջանական թեյախմություն էին կազմակերպել մեր հոգևոր և մշակութային քաղաք Շուշիում, այն Շուշիում, որը մեր հաղթանակների խորհրդանիշն էր, որի խորհրդանիշը մեզնից գողացավ այս հողատու արարածը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ սա իշխանության համար պայքար չէ, այլ արժանապատվության.

«Ես ինքս իշխանության չեմ ձգտում, իմ կուսակցությունը չի ձգտում, բայց մենք կորցրել ենք մեր արժանապատվությունը, Նիկոլ հողատուի պատճառով և մեղքով՝ 5000-7000 երեխա սպանվեցին, Արցախի 75 տոկոսը տրվեց թուրքին, Շուշին, Հադրութը տրվեց թուրքին, Նախիջևանով, Սյունիքով՝ պանթուրքիզմի ծրագիր է իրականացվում, թուրքերը հասել են իրենց բաղձալի երազանքին: Ես ինձ հաճախ հարց եմ տալիս, թե ինչո՞ւ այս հողատուն հրաժարական չի տալիս, և մի պատասխան եմ գտնում, որ նրան թույլ չեն տալիս հրաժարական տալ 2 հոգի՝ իր կիրթ և կառուցողական ընկեր Ալիևը և Էրդողանը, այլ տարբերակ չեմ գտնում, որովհետև այսօրվա իշխանությունը՝ Նիկոլի գլխավորությամբ, սպասարկում է բացառապես Թուրքիայի և Ադրբեջանի շահերը, և դրա պարզ օրինակը հունվարի 11-ի խայտառակությունն էր Մոսկվայում, որ մարդը հայտարարում է՝ իմ օրակարգի անկյունաքարային հարցերն են՝ գերիների ու փախստականների խնդրի լուծումը, և Նիկոլը գնում, ստորագրում է մի փաստաթուղթ, որտեղ ո՛չ կարգավիճակի մասին խոսք կա, ո՛չ էլ գերիների մասին»:

Ամփոփելով խոսքը՝ Շարմազանովը ևս մեկ անգամ ընդգծեց. «Իշխանության չենք ձգտում և Նիկոլին հեռացնելու ենք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս