«Սա թող առիթ չհանդիսանա շատ-շատ տաքսիների համար, որ մինիմալը սարքեն 2000 դրամ». վարորդ
Երեկ մինչ ուշ գիշեր Հայաստնի գրեթե բոլոր գազալցակայաններում մեքենաների հերթեր են կուտակվել, քանի որ 36 ժամով ընդհատվելու էր ԱԳԼՃԿ-ների և Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը:
168.am-նկարահանող խումբը եղել է մայրաքաղաքի մի քանի գազալցակայաններում, բոլորն էլ փակ են եղել: Մենք կապ հաստատեցինք տաքսի ծառայություն իրականացնող ընկերություններից մի քանիսի հետ, հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս են իրականացնում իրենց աշխատանքը, արդյոք երեկ ուշ ժամի մեքենաների լիցքավորումը կբավականացնի՞, մինչև լրանա նախապես հայտարարված 36 ժամը, ինչին մեզ պատասխանեցին.
«Դե, ինչքան կբավականացնի՝ այնքան էլ կաշխատենք»:
168.am-ը զրուցել է տաքսու վարորդների հետ, նրանցից շատերը հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, սակայն նշում էին, որ այս հայտարարությունն իրենց համար անակնկալ էր, որ տաքսի վարելով են օրվա հացը վաստակում:
Տաքսու երիտասարդ վարորդներից մեկն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ մոտավորապես 1.5 տարի է, ինչ տաքսի է վարում, բայց սա առաջին դեպքն է, որ երկրի մասշտաբով գազ չի լինում.
«Երեկ չէ առաջին օրն եմ լիցքավորել մեքենան, երեկ ժամը 4-5-ի սահմաններում արդեն տեղեկացված էինք, որ գազ չի լինելու 36 ժամով: Մենք էլ բոլորի նման, բնական է՝ բենզինով քշելը խելամիտ չէ, բայց, որ մոտիկ տեղեր են լինում` ստիպված քշում ենք, ի՞նչ անենք, դա է, ուղղակի գործից չկտրվելու համար։ Բնական է, ինչ-որ մի բան եղել է, որ 36 ժամով դադարեցրել են: Մարդ կա, մտածում է՝ մեքենայի մնացած մի փոքր գազն էլ պահի, որ, Աստված չանի, ինչ-որ մի դեպք լինի՝ գնա, հասնի: Սա թող առիթ չհանդիսանա շատ-շատ տաքսիների համար, ինչ է թե գազի պակաս է նկատվում, կարելի է՝ գները սարքել մինիմալը 2000 դրամ: Չլինի ծաղիկի դեպքը, որ այսքան զոհեր ունեցանք, ծաղիկը թանկացավ…»:
Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիա»-ն երեկ հայտարարություն էր տարածել, նշելով, որ Ժամանակավորապես ընդհատվելու է ԱԳԼՃԿ-ների և Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը: