Խայտառակությունը փոքրիկ «տրյուկներին» մասնակցելն է

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 21-ին ԱԺ ՀԱԿ խմբակցության կողմից արտահերթ նստաշրջան գումարելու մասին նախաձեռնությանը՝ ասաց. «Եթե Հանրապետականը խնդիր ունենար այդ իմիտացիոն երևույթներին մասնակցելու, ինքը հանգիստ կնախաձեռներ դա, որովհետև առջևում համապետական նախագահական ընտրությունն է, և ընդդիմադիր կողմը փորձում է ակտիվանալու դաշտ ստեղծել: Մենք այդ խնդիրը չունենք:

Մեր խնդիրը լրիվ տարբերվում է այդ ամեն ինչից, առավել ևս՝ բյուջեի քննարկումներին խոսքերը, վերլուծականները շատ պարտվողական էին այն առումով, որ քննարկում էին ոչ թե բյուջեն, այլ թե ինչպե՞ս պետք է հանդես գան նախագահական ընտրություններում: Եվ որպեսզի կարողանան որևիցե թարմություն մտցնեն իրենց գործունեության մեջ, փորձում են բեկորային եղանակով ինչ-որ մի պրոբլեմ ստեղծել, հետո այդ պրոբլեմը հաղթահարելի դարձնե»:

Իսկ հարցին, թե ՀՀԿ-ն չի՞ ներկայանելու արտահերթ նստաշրջանին, Գ. Սահակյանը պատասխանեց. «Ներկայանալը կոշտ եք ասում: Ընդամենն անիմաստության դաշտից հեռու ենք մնալու»:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասել էր, որ եթե ՀՀԿ-ն չմասնակցի այդ նստաշրջանին, ապա դա խայտառակություն կլինի: Ի պատասխան, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց. «Իմիջիայլոց, խայտառակությունը հենց այն է (մանավանդ, եթե Բագրատյանն է ասում, որը բավականին լուրջ ճանապարհ անցած գործիչ է), որ քաղաքական փոքրիկ տրյուկների է մասնակցում»:

Կարդացեք նաև

Ի պատասխան Լևոն Զուրաբյանի դիտարկմանն էլ, թե ՀՀԿ-ն արտահերթ նստաշրջանին չմասնակցելու դեպքում հանրությանը ցույց կտա իր իրական դեմքը, Գալուստ Սահակյանն ասաց. «Անտառում ընդհանրապես ամենապարծենկոտ կենդանին ո՞րն է՝ նապաստակը: Այս մի ամիս է՝ անընդհատ ասում են՝ այնպիսի ելույթ ունեցանք, հաղթեցիք, իշխանությունները դողում են՝ չմտածելով, որ գնալով իրենց քաղաքական պրոեկտները սնանկանում են»:

Հարցին էլ, թե ՀԱԿ առաջորդ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրմամբ ի՞նչ կփոխվի քաղաքական դաշտում, Սահակյանը հեգնանքով պատասխանեց. «Ամբողջ հայ հասարակությունն ու սփյուռքը սպասում են, թե ո՞ր ժամին, ե՞րբ պիտի Լևոն Տեր-Պետրոսյանը բան ասի: Չի կարելի էդքան լարված պահել հասարակությանը»: Իսկ հարցին, թե՝ Դուք էլ եքլարված սպասում, պատգամավորը պատասխանեց. «Ես լարված չեմ կարող լինել, որովհետև լարեր չունեմ»:

 

Տեսանյութեր

Լրահոս