«Ի՞նչ հիմքով են երեխեքին ստիպում համազգեստը փոխեն, հագնեն քաղաքացիական ու անցնեն սահմանը». զինվորի ծնող

Այսօր մի խումբ ծնողներ հավաքվել էին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմաց և պահանջում էին, որ իրենց տեղեկացնեն, թե ո՞ւր են տանում իրենց զինվորներին: Դեկտեմբերի 22-ին Արցախից արձակուրդ եկած զինվորները, որոնք դեկտեմբերի 28-ին պետք է վերադառնային ծառայության, մնացել էին Հայաստանի տարածքում, մի մասը՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց.

«Ծնողների մի մասը ՊՆ-ի դիմաց է, և պահանջում են հանդիպում նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, որը երեկ մինչև երեկո ոչ մի բան չուներ հայտնելու նվաստ ծնողներին, թե ո՞ւր են իրենց երեխաներին տանելու և ի՞նչ են պատրաստվում անել, իսկ գիշերը խաբեությամբ դիմեցին գործողություների և սկսեցին երեխաներին տեղափոխել Արցախ»:

Ծնողներն ավելի վաղ հանդիպել էին Վաղարշակ Հարությունյանի և վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ:

«Իրենք անգամ իրենց տան  մեջ շարժվելու հիմք չունեն: Ոչ մի բանից տեղյակ չեն, ու նման մարդիկ այսօր կառավարում են մեր պետությունը: Նաիրի Սարգսյանը մեր հետ հանդիպման ժամանակ ասել է, ցիտում եմ իր խոսքերը՝ «մենք, արդեն 30 տարի է՝ գիտենք, որ դա ադրբեջանական հող է», եկեք հերքեք, որ նման բան եք ասել, ինձ հետ վկաներ են եղել: Այսինքն՝ դուք ՀՀ քաղաքացիներին տանում եք Ադրբեջա՞ն… Վաղարշակ Հարությունյանն ասել է, որ անելու են ռոտացիա, նույն Նաիրի Սարգսյանը ռոտացիայի մասին խոսել է, հետո պարզվեց, որ ռոտացիան անհնար բան ա, դա իմ դեմքին փաստեցին ՊՆ մի քանի բարձրաստիճան սպաներ: Մենք չենք ուզում, որ ստեղից երեխա գնա, նրանք գան: Ինձ թվում է՝ մեր պահանջը կփոխվի, մենք պահանջում ենք պատերազմին մասնակցած բոլոր երեխեքի զորացրում, որ կարողանան վերականգնվել»,- ասաց ժամկետային զինծառայողի ծնողը:

Նա նաև պնդեց, որ ժամկետայիններին սահմանն անցնելու համար ստիպում են հագնել քաղաքացիական հագուստ:

«Զինվորականը, եթե ինքը արձակուրդում չի, եթե ինքը  չի զորացրվել, իրավունք չունի համազգեստ փոխելու, ի՞նչ հիմքով են էդ երեխեքին ստիպում համազգեստը փոխեն, հագնեն քաղաքացիական ու անցնեն սահմանը: Այսինքն՝ ի՞նչ կարգի վտանգված է էդ երեխեքի կյանքը, որ նման գործողությունների են դիմում, բայց ընդեղ, որ գնան, գռաժդանսկիով չեն ծառայելու, հագնելու են իրենց զինվորական հագուստը և վտանգված լինեն: Հենց հիմա երեխեքն են զանգում ասում»,- ասաց ժամկետային զինծառայողի մայրը:

Տեսանյութեր

Լրահոս