«Դեկտեմբերի 24-ին Արմեն Սարգսյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, և գծագրել են իրենց հետագա գործողությունների ամբողջ սխեման». Գառնիկ Իսագուլյան
«Այս մարդիկ որևէ խորթություն չեն զգում այն միջավայրում, որտեղ իշխում է բացարձակ սուտն ու կեղծիքը». այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով գործող իշխանության ներկայացուցիչներին՝ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Նա, որպես օրինակ՝ խոսեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կորոնավիրուսով հիվանդանալու մասին: Իսագուլյանը նշեց, որ այսպիսի ծանր տարի ապրած ժողովրդի նախագահը նախ և առաջ իրավունք չուներ օտար երկրում դիմավորել Ամանոր:
«Ո՞վ է Արմեն Սարգսյանը և որտե՞ղ է Արմեն Սարգսյանը, ՀՀ նախագահը: Կենդանի՞ է, թե՞ կենդանի չէ: Ասում են՝ ինքը վարակվել է նոր տիպի կորոնավիրուսով Լոնդոնում: Ի՞նչ է տեղի ունեցել Արմեն Սարգսյանի հետ: 2020թ.-ը Հայաստանի համար եղել է ամենածանր տարին, բնական է, որ ամենածանր տարին իր ժողովրդի հետ Նոր տարին պարտադիր պետք է անցկացնի տվյալ երկրի նախագահը, վարչապետը, պաշտոնյաները: Ինչո՞ւ չկա Արմեն Սարգսյանը: Բացարձակ սուտ է, որ Արմեն Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով, բացարձակ կեղծիք է: Դեկտեմբերի 24-ին Արմեն Սարգսյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, և գծագրել են իրենց հետագա գործողությունների ամբողջ սխեման: Սխեմայի մեջ մտնում է նաև ամսի 11-ին հավանական կայանալիք հանդիպումը Ալիևի և Փաշինյանի միջև, որտեղ Փաշինյանը Ալիևին պետք է փոխանցի 2400 կմ-ի փոխարեն, որը որպես, իբրև թե, անկախ Արցախ մնացել է, Հայաստանի տարածքներ: Հիմա մաս-մաս տալիս է»,- ասաց Իսագուլյանը:
Նա նշեց, որ Արմեն Սարգսյանի այցը Լոնդոն և կորոնավիրուսով վարակվելը մտնում էին այն ծրագրի մեջ, որը գծել են Փաշինյանի հետ համատեղ:
«Ծրագիրն Արցախը ամբողջությամբ հանձնելն էր, քանի որ Ռուսաստանը խառնվեց, և չկարողացան մինչև վերջ Սամվել Բաբայանի, Մասիս Մայիլյանի, Արայիկ Հարությունյանի, Արմեն Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի ծրագիրն իրականացնել, որոշեցին, որ դրա փոխարեն պետք է Ադրբեջանին զիջեն հայկական տարածքներ, բուն Հայաստանի, հիմա տեղի է ունենում այդ գործընթացը… Դեկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը պայմանավորվել են, որ ՀՀ նախագահը կմեկնի Լոնդոն, լուր կտարածեն, որ նա վարակվել է կորոնավիրուսով, որ մինչև ամսի 11-ն ազատ լինի, իբրև թե ինքը որևէ մասնակցություն չունի այն փաստաթղթի ստորագրմանն ու Հայաստանի հողերի հանձնմանը, որը տեղի է ունենում այսօր»,- ասաց Իսագուլյանը:
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահի զարմանքն է հարուցել այն փաստը, որ մի շարք քաղաքական ուժեր ոչ միայն հանդիպել են Արմեն Սարգսյանի հետ, այլև պնդում են, որ նա Արցախի հանձնման գործում մեղք չունի:
«Արմեն Սարգսյան մեռած-չթաղած նախագահը և Նիկոլ Փաշինյանը Արցախի հողերի հանձնումը և այն գործընթացները, որոնք հիմա տեղի են ունենում, ծրագրել և իրագործում են միասին: Արմենին տարան, որ ազատեն այն պատասխանատվությունից, որ այս օրերին որպես հանցագործություն կատարվելու է Հայաստանի և Արցախի նկատմամբ: Այս ամենի հիմնական նախագծողն ու ճարտարապետն Արմեն Սարգսյանն է, Նիկոլ Փաշինյանն այն բութ ու տգետ գործիքն է, որով նա իրականացնում է իր ծրագրերը»,- ասաց Իսագուլյանը և վստահեցրեց, որ կեղծ է նաև Նիկոլ Փաշինյանի հիվանդությունը: