Բաժիններ՝

«Հենրիկիս անունը ՊԲ-ի զոհվածների ցանկում էր, հերքվեց, հետո նորից հաստատվեց». զինվորի հայր

«Հենրիկը մեր միակն էր, մեր թև ու թիկունքն էր, մեր ընկերն էր, մեր ամեն ինչն էր…»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում նահատակված 18-ամյա Հենրիկ Հակոբյանի հայրը՝ Համիկ Հակոբյանը: Վերջինս 37 տարեկան էր, երբ որդին ծնվեց:

«Հենրիկս շատ լուրջ էր, կազմակերպված, դեռ փոքրուց էր այդպիսին, միևնույն ժամանակ հումորն էլ էր տեղը…  Ինչքան լավ բան կա, կարելի է տղուս մասին ասել: Բոլորին հասնում էր, չէր թողնի, որ կողքի ընկերոջը մեկը նեղացներ, չէր թողնի, որ կողքի աղջիկներին մեկը նեղացներ: Փոքրից մեծ սիրում էին Հենրիկիս, անտեղի ոչ մեկին չէր նեղացնում, դասարանի աղջիկները բոլոր հարցերով Հենրիկիս էին դիմում»,- պատմեց զինվորի հայրը:

Հենրիկը մանկուց ջրագնդակ էր պարապում, հասցրել էր հաջողություններ գրանցել, անգամ մարզչական աշխատանքներ էր կատարում:

«Ես ջրագնդակի մարզիչն եմ Հայաստանի հավաքականի, Հենրիկն էլ 10 տարեկանից պարապում էր ինձ մոտ, դարձել էր հավաքականի մարզիկ, հավաքականի ավագն էր նույնիսկ, ինձ էլ էր շատ օգնում, մարզչական աշխատանքներ էր կատարում»,- պատմեց Հենրիկի հայրը:

2020 թվականի հունիսի 17-ին լրացավ Հենրիկի 18-ամյակը, և 2 ամիս անց նա զորակոչվեց: Հայրը հիշում է, թե որդին ինչ  տրամադրությամբ մեկնեց ծառայության, դրվագներ հիշեց այդ օրվանից.

«Տրամադրությունը հոյակապ էր, նախ բարեկամներին հավաքեց իրար գլուխ, ասաց՝ շուտվանից չենք հավաքվել, ուզում եմ գնանք քաղաքից դուրս, ինչքան մոտ հարազատ, բարեկամ կար, բոլորին հավաքեցինք իրար գլուխ, գնացինք քաղաքից դուրս, լավ ժամանակ անցկացրեցինք, բայց դա բանակի քեֆ չէր, ուղղակի ասաց՝ շուտվանից նման բան չենք արել: Բանակի քեֆ չարեց, պարզապես ընկերներն ու հարազատները եկան իրեն ճանապարհելու: Առաջինը ես սկսեցի մազերը խուզել, հետո ընկերներն ամեն մի պալոսկան սկսեցին խուզել, այդ կադրերն էլ կան վիդեոյով… Ուրախ էր, ասում էր՝ ոնց բոլորը, այնպես էլ՝ ես, կգնամ, կծառայեմ, հետ կգամ…»:

Հենրիկն ընդունվել էր Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետ, նպատակ ուներ զորացրվելուց հետո ուսումը շարունակել, որպեսզի լավ աշխատանքի անցներ: Հայրը հիշում է՝ որդին ծառայությունից շատ գոհ էր, երբեք չի՛ բողոքել, չի՛ տրտնջացել, 1.5 ամսվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվեց.

«Հենրիկս Մարտակերտում էր ծառայում, 40-45 օրվա ծառայող էր՝ պատերազմը սկսվեց: Ծառայության ընթացքում միշտ զանգում խոսում էր, միայն մեզ հետ չէ՝ բոլորի հետ կապի մեջ է եղել, դասընկերուհիները պատմում են, որ Հենրիկս զանգում, Մարտակերտից էր պատմում, թե ինչո՞ւ է անունը Մարտակերտ… Հենրիկին շատ էին սիրում, ասում են՝ մենք առաջնահերթ Հենրիկի հետ էինք կիսվում, խորհրդակցում: Վերջին անգամ տուն զանգել է սեպտեմբերի 26-ին, մոր հետ է խոսել, ինձ հետ չէր կարողացել այդ օրը կապվել… Պարզվում է, որ Հենրիկս հիվանդ է եղել՝ թոքաբորբ, տարել են Ստեփանակերտի հոսպիտալ, բայց ինքը մեզանից թաքուն է պահել այդ ամենը, զանգել է այդ ընթացքում, թե՝ ամեն ինչ լավ է: Հոսպիտալում 1 օր պահել են, ասել են՝ լավ, այդքան էլ վատ չես, հետ են ուղարկել զորամասի բուժկետ, հետո սեպտեմբերի 26-ին դուրս են գրել, հենց այդ գիշերն էլ պատերազմը սկսվեց: Վերջին անգամ, որ մոր հետ խոսել է, ասել է՝ մամ, մեր մոտ ինչ-որ խառն է… Ի՞նչ իմանայինք, որ այս ձև խառը կլիներ… Դեպքը հենց սեպտեմբերի 27-ին է եղել, երբ սկսել են Մարտակերտը ռմբակոծել, երեխեքին տեղափոխել են ապաստարան ու հետևներից ԱԹՍ-ն թե կասետայինը ընկել է ուղիղ այդ հատվածում…

Հենրիկիս անունը ՊԲ-ի հրապարակած զոհվածների 3-րդ ցանկում էր, հետո հերքվեց, ուրախացանք, դե ո՞նց կուրախանանք, բայց  պարզվել է՝ զորամասում բացի իրենից, 2 հոգի էլ են Հակոբյան Հենրիկ եղել, բայց դե հերքվեց, իբր ինքը ողջ է, ասացին՝ իրեն տեսնող է եղել, անցավ էլի 1-2 օր՝ զանգ չկար իրենից, մոտս ներքին զգացողություն կար, որ չէ, Հենոն մի բան կաներ, մի զանգ, մի հաղորդագրություն կգրեր… Պատերազմի ընթացքում մի անգամ գնացինք զորամաս, հետաքրքրվեցինք, բայց իրենից տեղեկություն չկար, իմ մեջ հույս էի փայփայում, որ կարող է հանկարծ այդ խմբի հետ ապաստարան մտած չլինի, այլ ուրիշ ուղղությամբ գնացած լինի, պատսպարված լինի… Երկրորդ անգամ էլ էինք պատրաստվում գնալ զորամաս, որ հետքերով գնայինք, թե ուր տարան դրանից հետո, որ մորգից՝ որ մորգ, ԱԻՆ-ը ուր տարավ, այն էլ Գորիս չհասած՝ Մեծամորից զանգեցին, ասացին, որ ԴՆԹ-ն արդեն համընկել է…»:

Հենրիկը շատ նպատակներ ուներ, ծնոնղներին միշտ ասում էր, որ ամուսնանալու է, ու շատ երեխա ունենան, իսկ ընկերների հետ նպատակների մասին խոսելիս հատուկ շեշտում էր ծնողներին բարեկեցիկ կյանքով ապահովելը.

«Ասել է՝ պետք է շատ լավ աշխատանք ունենամ, լավ փող պետք է աշխատեմ, ամենամեծ նպատակս, որ մորս ու հորս միշտ լավ ապրելուց տեսնեմ, այդ է, իր կյանքի գնով անում է երեխես…»:

Հենրիկ Հակոբյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս