Բաժիններ՝

Պանրագործները դժգոհ են վարչապետի պահանջներից

ՀՀ կառավարության երեկվաօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը կրկին անդրադարձել էր պանրի խնդրին՝ ասելով՝ կառավարությունը թույլ չի տալու, որպեսզի առողջության համար վտանգավոր պանիր հայտնվի հայկական ընտանիքների սեղաններին։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության ծառայության Սննդի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Արարատյանը։ Նա տեղեկացրել էր, որ պանիր արտադրող 18 ընկերություններում հայտնաբերված խախտումների պատճառը սանիտարահիգիենիկ ոչ բավարար վիճակն էր, և բոլոր ընկերություններն արդեն իսկ վերսկսել են աշխատանքը։

Նշենք նաև, որ ինչպես 168.am-ին փոխանցեցին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանն ինքը չէր ներկայացնում խնդիրը, քանի որ նա ներկայումս արտերկրում գործուղման է։

Խնդրին ավելի մոտիկից ծանոթանալու նպատակով 168.am-ը զրուցեց հենց պանրագործների հետ։

«Ամասիայի գլխավոր պանրի գործարան» ՍՊԸ տնօրեն Նորայր Շաբոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք ունեն խնդիրներ, սակայն դրանք հնարավոր է լուծել խոշոր ներդրումների արդյունքում: «Կառավարության կողմից նշանակված տուգանքը վճարել ենք, խախտումներ եղել են: Բայց այսօր վարչապետը մեզանից պահանջում է եվրոպական ստանդարտներին համապատասխան արտադրություն, որը հնարավոր կլինի իրականացնել միմիայն խոշոր ծավալի ներդրումների արդյունքում: Մեր գործարանները հին գործարաններ են, հին տեխնիկայով: Նախ՝ պետք է ներդրում կատարել, հետո պահանջներ ներկայացնել»,- մեզ հետ զրույցում ասաց գործարանի ղեկավարը:

Վերջինիս համոզմամբ՝ անգամ վերանորոգելով ձեռնարկությունը, հնարավոր չէ բավարարել եվրոպական չափանիշներին. «Մենք նորմալ ու անվտանգ սնունդ արտադրող ձեռնարկություն ենք, սովետական ժամանակներից պահպանված, բայց միայն վերանորոգումով չափանիշներ չեն ապահովվում: Մեր գործարանը մեծ է, ուստի նաև մեծ ներդրումներ են անհրաժեշտ»,- նշեց Ն.Շաբոյանը:  Մեր զրուցակիցը նաև նշեց, որ վերջին շրջանում խախտումների բացահայտումների արդյունքում հանրապետությունում նվազել է պանրի պահանջարկը, սակայն իրենք համոզված են, որ նախկին վաճառքի ծավալները կվերականգնեն մոտ ժամանակներս:

Պանիր արտադրող մեկ այլ՝ «Կաթնամթերք ՎԱՆ» ՍՊԸ տնօրենը 168.am-ին փոխանցեց, որ իրենց ընկերության անվանման այդ ցուցակում հայտնվելը թյուրիմացություն է: «Մեր ընկերությունը չկա այդ ցուցակում: Մենք մեր պանրի նմուշն ուղարկել ենք Սննդի վարչություն, ու այնտեղից եզրակացություն է եկել, որ մեր պանիրը նորմալ է՝ ոչինչ չի հայտնաբերվել»,- մեզ հետ զրույցում ասաց ընկերության տնօրենը: Հարցին, թե արդյոք իրենք նո՞ւյնպես տուգանք վճարել են, ընկերության տնօրենը պատասխանեց. «Այո վճարել ենք, բայց տուգանքը եղել է այլ բաների համար»:

Հիշեցնենք, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ստուգումների արդյունքում՝ պանրի արտադրությամբ զբաղվող 59 տնտեսվարողներից 18-ի արտադրանքը վտանգավոր էր ճանաչվել  մանրէաբանական ցուցանիշներով:  5540 կգ պանիր օգտահանվել էր: 54 տնտեսվարող ենթարկվել էին վարչական պատասխանատվության՝ 10 միլիոն 450 հազար գումարի չափով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս