Ֆրանսիական տնտեսությունը կենդանության նշաններ է ցույց տալիս
Ֆրանսիայի ՀՆԱ-ն երրորդ եռամսյակում աճել է 0.2 տոկոսով: Տեղական տնտեսության աճի տվյալները նշանակում են, որ Ֆրանսիային հաջողվեց խուսափել տեխնիկական ճգնաժամից: Երկրորդ եռամսյակում երկրի տնտեսությունը նվազել էր 0.1 տոկոսով:
Ֆրանսիայի ՀՆԱ-ն« արդեն երկրորդ տարին է, պահպանում է 0-ին մոտ հավասարակշռություն, իսկ 2011թ. չորրորդ եռամսյակում և 2012թ. առաջին եռամսյակում գրանցվել է զրոյական աճ:
Associated Press-ը նշում է, որ շուկայի վերլուծաբանները չեն կանխատեսել երրորդ եռամսյակում Ֆրանսիական տնտեսության աճ, քանի որ նախագահ Օլանդը բազմիցս նշել է, որ կրճատելու է բյուջեի պակասուրդը՝ որոշ հարկատեսակների բարձրացման հաշվին, ինչն էլ, բնականաբար, պետք է նվազեցներ երկրի տնտեսական ակտիվությունը:
Ինչ վերաբերում է Եվրոպայի ընդհանուր ցուցանիշներին, ապա, ըստ Եվրահանձնաժողովի տվյալների, 2012թ. ընթացքում եվրոգոտու ՀՆԱ-ն կրճատվել է 0.4 տոկոսով, իսկ 2013թ.-ին կաճի ընդամենը 0.1%-ով: Փաստացի դա նշանակում է, որ տարածաշրջանի տնտեսությունը գտնվում է լճացման փուլում և կշարունակի այդ իրավիճակում լինել ևս մի քանի եռամսյակ: