«Ինձ մոտ հայտնվել է ինտիմ կյանք». Հրանտ Բագրատյան
«Ես խորությունները չգիտեմ: Բանակցություններ են վարում, թող վարեն: Կարծիքս միանշանակ է` ՀԱԿ-ն ունի պոտենցիալ և կարող է իր սեփական թեկնածուով հանդես գալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը` ի պատասխան «Ազատություն» ռ/կ- հարցին` ինչպե՞ս եք վերաբերվում ՀԱԿ-ի և «Բարգավաճ Հայաստանի» միջև բանակցություններին, և հավանական համարո՞ւմ եք միասնական թեկնածուով հանդես գալը:
Հ.Բագրատյանը նշեց, որ այս պահին ավելին չի ուզում ասել այդ մասին, որովհետև դա կարող է ազդել բանակցությունների վրա: «Այնուամենայնիվ ես վստահ եմ, որ Կոնգրեսը կունենա իր թեկնածուն»,- ասաց նա:
Բագրատյանը նաև հիշեցրեց, որ միայն ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև չեն խորհրդակցություններն ընթանում, դրանք ընթանում են գրեթե բոլոր կուսակցությունների միջև:
Ի դեպ, պարոն Բագրատյանն այսօր ասուլիսի էր եկել բավական բարձր տրամադրությամբ և հաճախակի կատակում էր:
Հարցին, թե՝ ՀԱԿ-ում բարձրացվել է հարց, թե ինչո՞ւ մինչ օրս ՀԱԿ-ն իր թեկնածուի առաջադրման մասին չի հայտնում, Հ.Բագրատյանը պատասխանեց. «Այո´, ՀԱԿ-ում այդպիսի քննարկումներ եղել են, և որոշել ենք, որ ես գամ այստեղ մամուլի ասուլիսի, դու տաս այդ հարցը, ես էլ ասեմ` մի երկու շաբաթից ամեն ինչ կիմանաս»:
Այնուհանդերձ ԲՀԿ-ն հայտարարում է, որ իրենք էլ իրենց թեկնածուն ունեն, ով կարող է լինել Գագիկ Ծառուկյանը, այդ դեպքում արժի՞, որ ՀԱԿ-ը պաշտպանի Ծառուկյանի թեկնածությունը: Այս հարցին ի պատասխան, Հ.Բագրատյանը խնդրեց այժմ չհայտնել իր կարծիքն այդ հարցի վերաբերյալ:
Եթե Լ.Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, Դուք կառաջադրե՞ք Ձեր թեկնածությունը՝ հարցին էլ, Հրանտ Բագրատյանը կրկին կատակելով պատասխանեց. «Աղջիկ ջան, ես իմ մորաքրոջը 100 անգամ ասել եմ` եթե ինքը տղա ծնվեր, հաստատ քեռիս կլիներ»:
Դիտարկմանը, թե՝ նախկինում ավելի կոնկրետ էիք խոսում, ինչ-որ փոփոխությո՞ւն է եղել այժմ, Հրանտ Բագրատյանը կես կատակ, կես լուրջ պատասխանեց. «Ինձ մոտ հայտնվել է ինտիմ կյանք»:
Հարցին, թե ո՞ւմ հետ, Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Քաղաքական գաղափարների»:´