Տուրիստական ընկերության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել հափշտակություն կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Քննությամբ պարզվել է, որ 31-ամյա տղամարդը, 2016թ. հանդիասանալով հոլանդական տուրիստական ընկերության hայաստանյան գրասենյակի վիզաների աջակցման բաժնի փաստացի աշխատակից, 2016թ. նոյեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ ընկերությանը պատկանող նույնականացման համարով վիրտուալ բանկային քարտին կցված հաշվեհամարից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել և տարբեր ավիաընկերություններից՝ իր և մտերիմների համար առցանց եղանակով գնել է 1.509.222 ՀՀ դրամին համարժեք ավիատոմսեր՝ ընկերությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ ընկերության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: