ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հուսով է, որ 2021 թվականը կդառնա համավարակի հետևանքներից ապաքինման տարի
Հաջորդ տարին մարդկությունը պետք է նվիրի կորոնավիրուսի համավարկի հաղթահարմանը եւ դրա հետեւանքներից ապաքինմանը: Այդ մասին ասված է գալիք Ամանորի առթիվ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի՝ դեկտեմբերի 29-ին տարածված տեսաուղերձում:
«Եկեք բոլորս միասին հաշտվենք միմյանց եւ բնության հետ, հաղթահարենք կլիմայական ճգնաժամը, դադարեցենք COVID-19-ի տարածումը եւ 2021 թվականը դարձնենք առողջացման տարի,- նշել է նա:- Մահաբեր վիրուսի հետեւանքներից ապաքինման: Քայքայված տնտեսության եւ հասարակության ապաքինման: Տարանջատումների վերացման: Եվ մեր մոլորակի ապաքինման գործողությունների սկզբի տարի»: «Սա պետք է լինի 2021 թվականի մեր ամանորյա խոստումը»,- համոզված է Գուտերիշը:
Միավորված ազգերի կազմակերպության անունից նա բոլորին մաղթել է «երջանիկ եւ խաղաղ Նոր տարի»: Համավարակի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով է վարակվել շուրջ 80,8 միլիոն մարդ, ավելի քան 1,7 միլիոնը մահացել է: Ռուսաստանում, Կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներով՝ արձանագրվել է վարակման 3 078 035 դեպք, ապաքինվել է 2 471 309 մարդ, մահացել 55 265-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: